Իրանում անկայուն իրավիճակն իր բացասական ազդեցությունը կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա. իրանագետ
Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Իրանում այս օրերին տեղի ունեցող ցույցերի պատճառը երկրի սոցիալական վիճակն է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում սխալ քաղաքականություն են վարել իրանական պետական լրատվական միջոցները, որոնք ի սկզբանե օբյեկտիվորեն չեն լուսաբանել ցույցերը, ինչը հանգեցրել է թե՛ ներսից, թե՛ դրսից միջամտություններին և այդ ցույցերին քաղաքական բնույթ հաղորդելուն:
«Ի վերջո հնչեցին նաև ուղերձներ, կոչեր, որոնք ուղղված էին իրանական պետական կառավարմանը և նաև հոգևոր առաջնորդի դեմ: Այսինքն՝ այնպիսի կոչեր էին հնչում, որոնք ուղղված էին իսլամական համակարգի տապալմանը»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Մաշհադում, Սպահանում, անցկացվում են հակակառավարական ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանների հետ բախման հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ։
Արմեն Իսրայելյանը մատնանշեց, որ նախագահ Ռոհանիի մոտ կանգնած լրատվամիջոցները քննադատում էին պետական, ազգային ռադիո- հեռուստաընկերությանը, որ հնարավորություն չի ընձեռվում դժգոհող քաղաքացիների խոսքը հասցնել կառավարությանը:
«Նախագահ Ռոհանին և նրա կառավարությունը գիտակցում են, որ կա խնդիր և փնտրում են այդ խնդիրները լուծելու տարբերակները: Այնպես չէ, որ նրանք փորձում են քարոզչական միջոցներով ծածկել ժողովրդի ձայնը, չլսել ժողովրդին, ընդհակառակը՝ նրանք փորձում են ուժային կառույցներին, ոստիկանությանը հնարավորինս հեռու պահել այդ ցույցերը բռնի ուժով ցրելու ցանկությունից, որովհետև ակնհայտ է, որ 30-40 տարվա ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բազում մարտահրավերների միջով է անցել, և այն այս բարեփոխական միտումները չի ընկալում: Հակասությունն արդեն տեսանելի է բարեփոխական Ռոհանիի կառավարության և ուժային այդ կառույցների միջև»,- նշեց նա:
Արմեն Իսրայելյանի խոսքով՝ պետք չէ բացառել նաև դրսի միջամտությունը, բայց դա գերագնահատել էլ պետք չէ: Նա նկատեց, որ դեռ Իրանի նախագահ Ռոհանիի վերընտրության ժամանակ նրա հասցեին եղած քննադատության հիմնական թիրախն այն էր, որ ասվում էր, որ միջուկային համաձայնությունն իր արդյունքները չբերեց և երկրի սոցիալական վիճակը չբարելավվեց:
«Դրսի միջամտությունն այնքանով էր, որ փորձ է կատարվում այս ցույցերն օգտագործելով՝ թիրախավորել Ռոհանիին: Ամեն դեպքում ակնհայտ էր, որ հասարակության զգալի մասը Ռոհանիին վստահեց և նրա կողքին եղավ ընտրությունների ժամանակ: Հիմա այս ցույցերն օգտագործելով՝ փորձ է արվում թուլացնել բարեփոխանների դիրքերը երկրում»,- ասաց նա:
Իրանում դեռևս հակաիշխանական ցույցերը շարունակվում են: Արմեն Իսրայելյանի նկատառմամբ՝ առաջին օրերի հետ համեմատած ցույցերն այս օրերին ավելի հանդարտվել են:
«Պետք է նկատել, որ այս բողոքի ցույցերը չունեն առաջնորդ կամ որևէ քաղաքական կառույցի կողմից դրանք չեն կառավարվում: Դա այս ցույցերի առանձնահատկություններից մեկն է: Հիմա փորձ է կատարվում լրամշակել եկող տարվա բյուջեն, բայց այդ մասին լրատվական միջոցներում տեղեկատվություն չի հայտնվում: Եվ կառավարության, Ռոհանիի կողմնակիցների կողմից այդ լրատվամիջոցները քննադատության են արժանանում, բողոքում են, որ այդ լրատվամիջոցները միայն պահպանողականների խոսափողը չեն, այլ դրանցից պետք է օգտվեն նաև բարեփոխականները և իրենց ձայնը հասցնեն հանրությանը: Փորձագետներից մեկն անգամ դիտարկում էր արել, թե լավ կլիներ, որ սոցիալական ցանցերի դերը կրճատելու փոխարեն Ռոհանին հենց դրանց միջոցով շփվեր հասարակության հետ»:
Ըստ Արմեն Իսրայելյանի, եթե իրավիճակն անկառավարելի դարձավ և արտաքին միջամտություններն ավելի թափ առան, ապա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն կդիմի շատ կոշտ միջոցների՝ անկախ նրանից, թե նախագահը կցանկանա՞, թե ոչ:
«Ամեն դեպքում հիմա փորձ է արվում հնարավորինս քիչ զոհերով իրավիճակը հանդարտեցնել և երկխոսել հասարակության հետ, փորձել այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք կբավարարեն Իրանի հասարակության պահանջները»,- նշեց նա:
Իրանում կատարվողը չափազանց հետաքրքրական է նաև Հայաստանի համար: Պատճառը, Արմեն Իսրայելյանի խոսքով՝ այն է, որ մեզ հարևան Իրանը նաև մեզ արտաքին աշխարհ տանող ճանապարհներից մեկն է, և Իրանի հետ մենք դեռ շատ ծրագրեր ենք նախատեսել իրականացնել:
«Եթե իրավիճակն այնտեղ ապակայունանա, ապա այն իր բացասական ազդեցությունը կունենա նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա: Պետք է ուշադիր հետևել՝ բոլոր կողմերին էլ և փորձել հնարավորինս օբյեկտիվ գնահատել, միակողմանի, մեկ կամ երկու լրատվամիջոցից կամ ուղղորդված հրապարակումներից տպավորություններ չստանալ»,- նշեց նա:
Իրանի հյուսիսային հատվածներում, նաև Թավրիզում և այլն, որոնք սահմանակից են Հայաստանին և որտեղ թյուրքալեզու զանգված կա, ըստ Արմեն Իսրայելյանի, հասարակությունը մեծ հաշվով չմասնակցեց բողոքի ցույցներին:
«Դա նշանակում է, որ այնտեղ իրավիճակը կայուն է, և անջատողականության վտանգներ չկան կամ էլ փորձ չարվեց այդ բողոքի ակցիաները օգտագործելու՝ ապակայունացնելու համար: Լավ է, որ մեզ սահմանակից վայրերում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»,- ասաց նա: