Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ. Մեծ ուշադրություն ենք դարձնում դոպինգին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծավալուն հարցազրույց է տվել Եվրոպական բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) կայքին, որում խոսել է կատարված աշխատանքի, առաջիկա ծրագրերի, կանանց բռնցքամարտի զարգացման և այլ հարցերի մասին:
«Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականը փոփոխությունների ենթարկվեց, քանի որ մի շարք բռնցքամարտիկներ որոշեցին տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ գումար վաստակելու համար:
Հաշվի առնելով այն, որ բավականին լավ թիմ ունեինք, որոշեցինք չխոչընդոտել նրանց:
Մինչև 2020 թվականը մտադիր ենք շարունակել մրցաշարեր ընդունելու ավանդույթը, այդ թվում Օլիմպիական խաղերի վարկանիշ տվող: Բռնցքամարտի զարգացումը շատ կարևոր է ցանկացած երկրի համար: Ֆեդերացիան գլխավորելու առաջին տարում երիտասարդ աշխարհի չեմպիոնուհի ունեցանք, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեցինք 91 կգ քաշային կարգում:
Առաջին անգամ հայկական բռնցքամարտի պատմության մեջ ունեցանք օլիմպիական 5 ուղեգիր, իսկ Խաղերի ժամանակ մեր մասնակիցները պարտվեցին հավասար պայքարում: 2010 թվականից հետո ունեցանք Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում, ինչը խոստումնալից է Օլիմպիական խաղերից առաջ:
Չի կարելի ասել, որ կանանց բռնցքամարտը վերելք է ապրում, սակայն այն բանից հետո, երբ 2014 թվականին Անուշ Գրիգորյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հետաքրքրությունն մեծացավ: Շատ աղջիկներ ոգևորված Անուշ Գրիգորյանի հաջողությամբ հետևեցին նրան և դուրս եկան ռինգ:
Որոշ գաղափարներ ունեմ AIBA-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է դրանք հանրային դարձնելու համար: Ավելի լավ կլինի, որ այդ հարցերը քննարկենք AIBA-ի ղեկավարների հետ, որպեսզի հնարավորություն ունենք մեր գաղափարներն իրագործելու համար:
Դոպինգի վերահսկողությունը մեր ուշադրության կենտրոնում է: Նույնիսկ Հայաստանի չեմպիոնները միշտ ստուգվում են: Բացի այդ, ֆեդերացիան գլխավորելու իմ առաջին տարվանից կազմակերպում ենք մարզչական և մրցավարական դասընթացներ և քննություններ: Դրանք հանձնողները ստանում եմ վկայականներ:
Ստացվել է այնպես, որ Ազգային Ժողովում գտնվող Օլիմպիական խաղերի միակ մասնակիցն եմ, այդ պատճառով փորձում եմ առավելագույնն անել ոչ միայն բռնցքամարտիկների, այլև բոլոր մարզաձևերի համար»,- ասել է Արթուր Գևորգյանը: