Ալիևի մոտ ստեղծվել է ամենաթողության զգացողություն, և թվում է, թե ցանկացած հայտարարություն կարող է անել ու մնալ անպատիժ. փորձագետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմատենչ հայտարարությունները բացասաբար են ազդում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. Tert.am-հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայացք » վերլուծական կենտրոնի փորձագետ Գրետա Ավետիսյանը:
«Իհարկե, նման հայտարարությունները որոշակի բացասական ֆոն են ստեղծում, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո թե՛ համանախագահները, և թե՛ հայկական կողմը հետամուտ են լինում վստահության մթնոլորտի ստեղծմանը քաղաքական բանակցություններին զուգահեռ, և նման ռազմատենչ հայտարարությունները, բնականաբար, բացասաբար են ազդում այդ գործընթացի վրա, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ սա արվում է նախընտրական շրջանում»,-ասաց փորձագետը:
Նրա կարծիքով՝ հիմնականում Ալիևի այդ հայտարարությունն ուղղված է ներքին լսարանին, որի նպատակն է երկրի ներքին խնդիրներից՝ սոցիալ-տնտեսական և այլն, սեփական հասարակության ուշադրությունը շեղել:
«Հայտարարությունը, որ Երևանը հետ կվերադարձնի, իհարկե, լուրջ չէ, բայց բնականաբար, պետք է դրան ուշադրություն դարձնել, որովհետև Ալիևի մոտ ստեղծվել է ամենաթողության զգացողություն, և թվում է, թե ցանկացած հայտարարություն կարող է անել ու մնալ անպատիժ: Այս առումով, կարծում եմ, միջազգային հանրությունը և հայկական կողմերն անելիք ունեն բարձրաձայնելու խնդիրը, ցույց տալու, որ այդ հայատյաց հայտարարություններն իսկապես խոչընդոտում են բանակցային գործընթացին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը տարածաշրջան կատարած այցից հետո, ապա այնտեղ, ըստ Ավետիսյանի, թեև Ալիևի հայտարարությանը որոշակի անդրադարձ կար, բայց հերթական անգամ հասցեական գնահատականի խնդիր կար:
«Ադրբեջանի քայլերը զսպելու, կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի կոչերը, հայտարարությունները, քննադատությունները լինեն հասցեական և ոչ թե հավասարության նշան դրվի, այս առումով, իհարկե, համանախագահների հայտարարությունը հերթական հայտարարություն եմ համարում»,- ասաց նա:
Այս պահին Արցախը բանակցային գործընթաց բերելու հեռանկարը փորձագետը չի տեսնում, բայց բնականաբար, դա անհրաժեշտ քայլ է, քանի որ, ըստ նրա, առանց Արցախին բանակցային գործընթացում ներգրավելու, հարցի վերջնական կարգավորում չի կարող տեղի ունենալ, որովհետև ի վերջո որոշվում է հենց Արցախի ժողովրդի ճակատագիրը:
Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սահմանային ճակատում իրավիճակի սրացումը, ըստ նրա, միանշանակ ձեռնտու կլինի Ադրբեջանին և դա արդեն ձեռագիր է դարձել:
«Կարևոր հանդիպումների, կարևոր իրադարձությունների նախաշեմին Ադրբեջանը դիմում է նման քայլերի, կրկին իր սեփական հանրության ուշադրությունը շեղելու, ցույց տալու, թե երկիրը նման վատ սոցիալ–տնտեսական վիճակում է գտնվում, որովհետև կա անվտանգության խնդիրը, այդ նավթադոլարները գնում են զենքի, զինամթերքի և բանակի հարցերը լուծելու համար և այդ պատճառով էլ ժողովուրդն այդքան վատ վիճակում է գտնվում: Կարծում եմ՝ նախընտրական շրջանում Ալիևը կդիմի սադրիչ գործողությունների, իհարկե, չեմ կարծում, որ դա կվերածվի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, որպեսզի ընտրությունները առավելագույն հարթ ընթանան»,- ասաց նա: