Պայքարի այս մեթոդը ամենաանխոցելին է, որովհետև իշխանությունների հետ դու չես մտնում ուժային դաշտ, որտեղ իրենք ուժեղ են. Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ևս Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները նստացույց են հայտարարել:
Ավետիք Իշխանյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ ընդդիմության պայքարի մեթոդին՝ փակել փողոցները, երթեր անցկացնել: Ըստ նրա` նման ձևը քաղաքակիրթ պայքարի մեթոդ է: «Այն պետություններում, որտեղ իշխանությունը կորցնում է իր նկատմամբ վստահությունը և իշխանափոխություն ընտրության միջոցով չի լինում, ընտրվում են տարբեր մեթոդներ: Սա այդ մեթոդներից ամենաանխոցելին է, որովհետև դու չես մտնում ուժային դաշտ իշխանությունների հետ, որտեղ իրենք ուժեղ են և շատ կցանկանային մտնեիր: Քաղաքացիական անհնազանդության պայքարը բավական բարդ է, քանի որ խաղաղ ցուցարարների վրա ուժ կիրառելը շատ երկրներում բերել է ավելի մեծ ալքիների»,-ասաց նա:
Իսկ հաջողության կհասնի, թե ոչ, Իշխանյանն ասաց, որ եթե ցանկացած քաղաքական գործիչ իր գործողությունների մեջ նախապես կհաշվարկի` հաջողության կհասնի թե ոչ, մեծ հաշվով չի հասնի: «Քաղաքականությունը ինչ–որ տեղ մեծ հաշվով խենթություն է և այդ խենթությունն էլ լավ իմաստով բերում է հաջողության»,-ասաց նա:
Ոստիկանության պահվածքին անդրադառնալով և պատասխանելով հարցին, թե ուժ չկիրառելը արդյո՞ք նրանով է պայմանավորված, որ մտածում են, որ ցույցը խաղաղ է և կարիք չկա ուժ կիրառել, Ավետիք Իշխանյանն ասաց, որ ՀՀ ոստիկանությունը չի մտածում, այլ ցուցում է կատարում: «Պատճառը ցուցում չունենալն է, ինչո՞ւ չունի, ինչպես էլեկտրիկ Երևանի դեպքում էր, երբ նույն խաղաղ ցուցարարների վրա ուժ կիրառվեց: Կարելի է ենթադրել, որ պատճառներից մեկն այն է, որ հավանաբար մինչև վաչապետ դառնալը Սերժ Սարգսյանը չի ուզում ընդհարումներ լինեն, ենթադրում եմ»,-ասաց նա:
Իշխանյանը հավելեց, թե թյուր պատկերացում ունենք ոստիակնության պահվածքի մասին խաղաղ հավաքների ժամանակ: «Իհարկե, տառապանքը փորձ ունի, որ եթե ոստիկանությունը կա, ուրեմն ցուցարաների թշնամի է, բայց իրականում ոստիկանությունը պարտավոր է ներկա լինել խաղաղ հավաքների ժամանակ, որպեսզի պաշտպանի ցուցարարներին, այսինքն նրանք ոչ թե ցուցարարներին ճնշող գործիք են, այլ ցուցարարաներին պաշտպանող»,-ասաց նա: