ՌԴ-ում հետևում են հայաստանյան իրադարձություններին, բայց այս ամենը դիտարկվում է որպես ՀՀ ներքին խնդիր. Դ. Դվորնիկով
Tert.am –ի հետ զրույցում Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովն անդրադառնում է ՀՀ –ում ըմբոստության գործողությունների` ՌԴ իշխանությունների իրական կամ ենթադրյալ դիրքորոշումներին:
-Պարոն Դվորնիկով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ում ուշադիր հետևում են գործընթացներին, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին մեջբերեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ իրենք վստահ են, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով, իրավական դաշտում»: «Սա չափազանց կարևոր հայտարարություն է: Սերժ Սարգսյանը կորցնում է նաև Ռուսաստանի աջակցությունը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը: Կարո՞ղ եք գնահատել՝ Կրեմլն ի՞նչ դիրքորոշում ունի:
- Ըստ իս՝ դեռ նայում են, հետևում և չկա որևէ արձագանք: Բացի որոշ շրջանակներից, որոնք սովորաբար ուրախանում են Հայաստանի խնդիրներից: Այնպես որ, ամեն ինչ բավականաչափ հանգիստ է, ոչ ոք կտրուկ որևէ հայտարարություն չի անում, ուղղակի սպասում են, որպեսզի հետագայում եզրակացություն անեն: Միայն մի բան է ակնհայտ` Հայաստանում կատարվողը դիտարկվում է բացառապես որպես անկախ պետության ներքին գործ:
-Ռուսաստանցի վերլուծաբանները բավականաչափ ակտիվ են և խանդով են վերաբերում մեր երկրում տեղի ունեցող այն ամենին, ինչը վերաբերում է Արևմուտքին: Չե՞ն հնչում տեսակետներ, թե միգուցե գունավոր հեղափոխություն է` Արևմուտքից հրահրված:
-Չեմ կարծում, առավել ևս, երբ հիմա Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններն այսքան լարված են։ Եթե հիմա դույզն ինչ նման կասկածներ հնչած լինեին, ապա սույն տեսակետը, վարկածը հաստատ լայն կշրջանառվեր, ակտիվ կլուսաբանվեր: Այնպես որ, ներողություն եմ խնդրում կրկնվելու համար, սա դիտարկվում է որպես ՀՀ ներքին գործ: Անձամբ համարում եմ, որ այստեղ որևէ արևմտյան ներգործություն չկա, հնարավոր է՝ արևմտյան ինչ-ինչ ազդեցության խմբեր լինեն, որոնք այս ընդդիմադիր գործընթացների կողմնակիցն են։ Բայց դա նախնական պատճառը չէ, դա ըմբոստության պատճառը չէ, իսկ պատճառը ներքին և իրական խնդիրներն են:
-Իսկ Երևանում վերջին մի քանի օրերին ծավալված իրադարձությունների ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:
-Պատրաստ չեմ մեկնաբանել, քանի որ տեղյակ չեմ բոլոր դետալներին: Իրավիճակը շատ լուրջ է, և դիլետանտական մոտեցումներ չի հանդուրժում: Գոնե ես զերծ կմնային: