Զինվորը պետք է լինի կուշտ, ունենա հագուստ և ծառայության պատշաճ պայմաններ. մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք, ուրիշ տարբերակ չկա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ֆեյսբուքյան ասուլիսին շարունակելով պատասխանել հարցերին, անդրադարձավ զինվորին ուտելիք տանելու վերաբերյալ հարցերին:
«Սիրելի՛ վարչապետ, եղբայրս ծառայում է ՀՀ բանակում՝ Հադրութի շրջանում։ Ձեր հրամանով արգելված է որևէ սնունդ կամ հիգիենայի պարագա ուղարկել բանակ, բայց եղբորս երբ հարցնում ենք, ոչ ոք ոչինչ չի տալիս։ Զինվորները պոստերում սոված են լինում և գումար են խնդրում, որ կարողանան ինչ–որ բան գնեն և պատրաստեն։ Մենք հնարավորություն ունենք օգնելու, բայց շատ մարդիկ չունեն, կամ նույնիսկ եթե պարտքով էլ ուղարկում են, էդ երեխեքը չեն կարողանում ճիշտ օգտագործել , մենակ ոսպ ու բրինձ հո առնելով չի՞։ Մեր զինվորներին սնունդ է պետք, մենք շատ բան չենք խնդրում, ուղղակի հաց, որ պոստեր պահեն: Խնդրում ենք արձագանքել, այն ժամանակ եթե մենք ուտելիք էինք ուղարկում, հիմա ո՛չ դուք եք տալիս, ո՛չ էլ մենք ենք կարողանում ուղարկել։ Սա իսկապես մտածելու տեղիք է տալիս, և չի կարող այսպես շարունակվել։ Մենք անհանգստացած ենք մեր զինվորի ծառայության պայմաններից»,- գրված էր հարցում:
«Եթե որևէ տեղ խնդիր կա բանակում, ես կոչ եմ անում ոչ թե գնալ, ափալ–թափալ առնել ուղարկել, այլ դիմել մամուլին, Կառավարությանը: Օգնե՛ք մեզ՝ գտնենք հասցեները և լուծենք այդ խնդիրները: Զինվորը պետք է լինի կուշտ, ունենա հագուստ և ծառայության պատշաճ պայմաններ, և մենք այս խնդրի լուծմանը հասնելու ենք, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները ցույց են տալիս հենց այդ խնդրի առաջնային լինելը: «Զինվորի բաժինը գողացողը պետք է պատժվի, եթե նախկինում այդ մասին ճառեր էին ասվում, հիմա գործնական քայլեր են արվում»,- ասաց Փաշինյանը:
Չնայած դրան՝ վարչապետը նշեց, որ այս ֆոնին չպետք է ազնվագույն սպաների ծառայությունը նսեմացնել: «Կան հրամանատարներ, որ նույնիսկ իրենց տանից են բերում, կան սպաներ, որ գողանում են: Բաց ասե՛ք՝ ով է գողանում զինվորի սնունդը, և մենք նրանց հետևից կգնանք»,- ասաց Փաշինյանը և կոչ արեց բոլոր ահազանգերը ներկայացնել և վստահեցրեց, որ որևէ մեկը ահազանգող ծնողին և երեխային չի կարող բան ասել, հակառակ դեպքում կպատժվի:
Դիմելով ազնվագույն սպաներին՝ նա ասաց, որ այս քննարկումներից չնեղվեն, որովհետև այս պրոցեսն իրենց բարի անունը պահպանելու, պաշտպանելու համար է: «Իհարկե, զինվորական մենյուն այնպիսին չէ, ինչպես տան մենյուն, չնայած աշխատում ենք, որ այդ առումով հարցեր լուծենք, այսօր անվտանգության խորհրդում այդ թեման քննարկել ենք»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ հստակ ձևակերպել է, որ նրանք, ովքեր չարաշահումներ են արել, ապօրինի հարստացել են, պետք է ճաղերի հետևում հայտնվեն, իսկ թե ով պետք է հայտնվի, դրանով քննչական մարմինները, դատախազությունը, դատարանը կզբաղվեն։
Խոսելով նախարարությունների՝ մարզեր տեղափոխվելու մասին, վարչապետն օրինակ բերեց, որ մշակույթի նախարարը հայտարարել էր, որ դեմ չէ, սակայն խնդիրը քննարկման ենթակա է:
Հարցերից մեկը վերաբերում էր Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած իրադարձություններին։ «Տեղեկությունների համաձայն՝ հակառակորդն զգալիորեն առաջ է շարժվել Արենի գյուղի ուղղությամբ՝ գրավելով կարևոր բարձունք, ինչի արդյունքում լուրջ առավելություն է ստացել մեր դիրքերի նկատմամբ և դիտարկում է Արենի գյուղը»,- ասված էր հարցում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև դիրքերի որոշակի տեղաշարժ եղել է, սակայն անհեթեթություն է խոսել տարածքներ կորցնելու մասին: «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ տարածք կորցնել առանց որևէ կրակի: Նույն իրավիճակն է, ինչ մի քանի ամիս առաջ, իրավիճակի որոշակի լարում է տեղի ունեցել է և շարունակում է մնալ այդպես, բայց անհեթեթություն է այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է այս հարցի վերաբերյալ»,-ասաց վարչապետը և նշեց, որ գյուղի տարածքն ինչպես եղել է, այնպես էլ հիմա Զինված ուժերի տեսադաշտում է, և ռազմական ռիսկի առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ վարչապետը կոչ արեց հնարավորություն տալ Կառավարությանը զբաղվել այս հարցով և նորից կրկնեց, որ չի հասկանում քաղաքացիական անհնազանդությունը նման հարցերի հետ կապված:
Անդրադառնալով այն գնահատականներին, թե ժամանակն աշխատում է ՀՀԿ-ի օգտին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռևս այն ժամանակ, երբ վարչապետության իր թեկնածության առաջին քվեարկությանը իր օգտին չքվեարկեցին, այդ ժամանակ իսկ ասել է, որ ՀՀԿ-ն ըստ էության ինքնոչնչացվեց:
«Քաղաքական իրավիճակը պետք է սթափ գնահատել. որոշակի մարդկանց դուր է գալիս հույսով ապրել, թե «հես ա» լավ կլինի... լավ լինելու է, իհարկե, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար և նախկին կոռուպմացված իշխանությունների համար այլևս երբեք լավ չի լինելու»,- ամփոփեց նա:
