ԵՄ-ն կոչ է արել Վենեսուելայում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացնել, այլապես «հետագա քայլեր կձեռնարկվեն»
Եվրամիությունը կոչ է արել Վենեսուելայի իշխանություններին մոտ ժամանակներում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացնել, քանի որ հակառակ դեպքում ԵՄ-ն «հետագա քայլեր կձեռնարկի»: Այս մասին ասվում է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեկ՝հունվարի 26-ին:
Հայտարարության համաձայն՝ Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար և ո՛չ էլ վստահության արժանի, քանի որ դրանցում չկար ժողովրդավարական լեգիտիմություն:
«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ազատ, թափանցիկ և վստահության արժանի նախագահական ընտրություններ անցկացնել, որոնք կհամապատասխանեն միջազգային ժողովրդավարական չափանիշներին ու Վենեսուելայի սահմանադրական կարգին: Հետագա մի քանի օրվա ընթացքում անհրաժեշտ երաշխիքներով նոր ընտրությունների կազմակերպման մասին հայտարարության բացակայության դեպքում ԵՄ-ն հետագա քայլեր կձեռնարկի, այդ թվում նաև վենեսուելական սահմանադրության 233 հոդվածի համաձայն երկրի ղեկավարության ճանաչման հարցի ուղղությամբ», - ասվում է փաստաթղթում:
Միևնույն ժամանակ Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանին, որի առաջնորդն իրեն երկրի ժամանակավոր ղեկավար է հռչակել:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Կարակասում զանգվածային բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ընդդեմ գործող նախագահի, որոնց ֆոնին Խուան Գուաիդոն իրեն հռչակել է ժամանակավոր նախագահ:
Վերջինիս աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան և մի շարք այլ երկրներ:
Մադուրոն, իր հերթին, հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Մադուրոն իրավունք չունի նման որոշում կայացնելու: Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Չինաստանը:
Նախօրեին Կարակասում տված մամուլի ասուլիսի ժամանակ Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության գնալ Գուաիդոյի հետ, սակայն վերջինս հրաժարվել է բանակցելուց: