«Իսկ հիմա շատ ավելի կարեւորի մասին». Ն. Զոհրաբյան
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ հիմա շատ ավելի կարեւորի մասին. Ցավում եմ, որ անառողջ մի թեմա այսօր զբաղեցրեց ողջ լրատվական և քաղաքական դաշտը և այն կարևոր խնդիրները, որ մենք բարձրացրեցինք Ստրասբուրգում, որոշակիորեն ստվերվեցին:
Ինձ համար շատ ավելի կարևոր էր Ստասբուրգում բարձրացնել փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի խնդիրը, ով հունիս ամսին Ադրբեջանի սահմանակից Բերդավան գյուղից, ըստ ամենայնի, տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում:
Կոչս ուղղել եմ միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր խաչին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների իրավունքների հանձնակատարին ՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար: Որովհետև մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում: Կարեն Ղազարյանի խնդիրը շարունակելու է մնալ իմ ՝ որպես պատգամավորի օրակարգի ամենակարևոր խնդիրներից մեկը, և միջազգային բոլոր ատյաններում ոչ միայն բարձրացնելու եմ այդ հարցը, այլ սերտորեն համագործակցելու եմ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Կարեն Ղազարյանը վերադարձվի հայրենիք:
Եվ կրկին անգամ ցավում եմ, որ այսօրվա անառողջ քննարկումները շեղեցին այն կարևոր խնդիրներից, որ մենք բարձրացնում ենք միջազգային հարթակներում»: