Վահե Գրիգորյանի հայտարարությունը հիմք չունի, ՍԴ անդամները դատավորներ են. Արա Ղազարյան
ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը, հիմքեր չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Կա Սահմանադրության անցումային դրույթ, որն ասում է, թե դատավորները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև 70 տարեկան դառնալը: Հիմա թե նրանց կոչել են ՍԴ անդամ, թե դատավոր, էական չէ. դա բառ է: Մենք պետք է նայենք բովանդակությանը: Իրենք իրենց ընկալել են որպես դատավոր, հասարակությունն իրենց ընկալել է որպես դատավոր, և սխալ է ասել, որ իրենք չեն կարող լինել ՍԴ դատավոր զուտ նրա համար, որ իրենց անվանել են ՍԴ անդամ: Դա նույն բանն է, որ դատարան հասկացությունը իրավական տեքստերում երբեմն կոչում են տրիբունալ, ինչը չի նշանակում, որ բովանդակությունը փոխվում է»,- ասաց Արա Ղազարյանը:
Ըստ մասնագետի՝ կարևոր է բառի բովանդակությունը, ոչ թե անվանումը:
«Նրանք դատարանի անդամներ են, դատարանի գործառույթն են իրականացնում, բայց կոչվում են ՍԴ անդամ: Դա չի նշանակում, որ իրենք դատավոր չեն, որ այս հարցին պետք է անդրադառնալ 4 տարի հետո»,- նշեց Ա. Ղազարյանը:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում բաց չկա՞, եթե քննարկում է տարվում, Արա Ղազարյանն ասաց, որ եթե նույնիսկ բացը կա, կարևոր է գործունեության կարգավորումը, երևույթը, ոչ թե բառերը: «Նրանք կայացրել են բազմաթիվ որոշումներ: Հիմա մենք չենք կարող դրանք անվավեր համարել: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան մարդիկ կտուժեն»:
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:
«Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը, այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,-ասել էր Վահե Գրիգորյանը: