Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ՝ արժեք, և եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ՝ ճակատիդ, ուրեմն պիտի լուրջ նպատակների հասնես. Ռոբերտ Քոչարյան
Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Այս մասին 5-րդ ալիքին տվա հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Առաջին հերթին չեմ հասկանում, թե ոնց կարելի է բանակցել առանց այդ բանակցություների ռազմավարության, սկզբունքների, առանց տեսլականի, թե ինչպես ես տեսնում Ղարաբաղի հարցի կարգավորումը»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ժողովուրդը պետք է տա հակամարտության կարգավորման տեսլականը, նա ասաց, որ հենց դրանից է անհանգստանում: «Ես չեմ հասկանում՝ ինչպես է կարելի արդյունավետ բանակցել, երբ դու չես հասկանում, թե ինչ ես բանակցում: Ավելի մտահոգիչ է այն, որ մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, միշտ ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է և նույնիսկ հիմա, երբ լիարժեք չի մասնակցում բանակցություներին, ապա մեկ է՝ որևէ որոշում չի կարող առանց Ղարաբաղի մասկացության ընդունվել»,- ասաց նա և հավելեց.
«Երբեք առաջին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին: Ես Ղարաբաղի ղեկավարն էի, երբեք թույլ չէի տա միջամտել, և երբեք ինքն իրեն թույլ չի տվել միջամտել: Ես Հայաստանի նախագահ լինելով՝ երբեք չեմ միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Արկադի Ղուկասյանի ժամանակ, նաև Սերժ Սարգսյանն իրեն թույլ չի տվել միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Բակո Սահակյանի ժամանակ»:
Նրա խոսքով՝ միջամտությունը կնշանակեր, որ իջեցնում են Ղարաբաղի կարգավիճակը՝ ցույց տալով Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից: «Երբ դու շեշտում ես, որ Ղարաբաղն ինքնուրույն է, չճանաչված, բայց անկախ պետություն է, դու չպետք է որևէ կերպ կասկածի տակ դնես Ղարաբաղի այդ կարգավիճակը, իսկ այսօրվա իշխանությունն ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունն ու ինքնությունը»,- նշեց նա:
Ըստ Քոչարյանի՝ Լևոն Մնացականյանի և Վիտալի Բալասանյանի պաշտանանկությունները Հայաստանի իշխանությունների պարտադրանքով է եղել՝ նրանց արված հայտարարությունների համար:«Ի լուր աշխարհի, նաև համանախագահողների Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի վրա: Վտանգն այն է, որ վաղը մի առաջարկ են տալու և ասելու են՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա և պարտադրի ղարաբաղցիներին, որ սա ընդունեն: Ամբողջ բանակցային այդ ֆորմատի՝ 25-30 տարվա ձևավորված ֆորմատի նկատմամբ կասկածներ են առաջացնում: Մոտիվացիա են առաջանցում մեծ տերությունների մոտ՝ Արցախի հարցը լուծել քո վրա ճնշում բանեցնելով, Հայաստանին ճնշելով, սրանք ողջամիտ քայլեր չեն»,- նշեց երկրորդ նախագահը:
Նա նշեց, որ այստեղ խոսքը ոչ միայն Մնացականյանի և Բալասանյանի պաշտոնանկությունների մասին է, այլ նաև Ղարաբաղում հեղափոխություն անելու, դավադիր ուժեր ասելու հայտարարությունների մասին է: «Սա կարող է ասել միայն մարդ, որը չի պատկերցնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել»,- ասաց նա:
Ըստ Քոչարյանի՝ Հայաստանը պետք է դիտի Ղարաբաղը որպես մեկ միավոր, որը Հայաստանի անվտագության լուրջ բաղադրիչ է կազմում, առանց որի Հայաստանը չափազանց կթուլանա:
Նա հարցեր բարձրացրեց. «Հայաստանի իշխանությունների համար Ղարաբաղը բե՞ռ է , թե՞ ինչ-որ բանի հասնելու հնարավորություն, Սերգո ջան, լավ չես ապրելու մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի այս թեզը հիմա Հայաստանի իշխանությունների մոտ կա՞, թե՞ չկա»:
Պատասխանելով իր իսկ կողմից բարձրացվաած հարցերին՝ Քոչարյանը նշեց, որ իր կարծիքով իշխանությունները հենց այդպես են մտածում: «Մտածում են, որ Ղարաբաղը բեռ է, իսկ երբ այդպես ես մտածում, որ ինչ- որ մի բան քեզ համար բեռ է, այլ ոչ թե արժեք, դու ենթագիտակցորեն մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել: Իմ տպավորությունն այդպիսին է: Վերադառնում ենք 90-անականներին, որովհետև առաջին նախագահը ճիշտ այդպես էր մատծում՝ Ղարաբաղը բեռ է»,- նշեց նա:
Ապա Քոչարյանն ասաց, թե ինքն ինչ է մտածում Ղարաբաղի հարցի մասին: Ըստ նրա՝ Հայաստանն առանց Արցախի ոչ մի բան չի կարող անել, բայց Հաաստանը Ղարաբաղի հետ լրիվ այլ է, միասին լուրջ խաղացող են տարածաշրջանում: «Հիմա մենք ուզում ենք հանգիստ մի փոքր Հայաստանով մնալ ու մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի ֆիլիալը դառնա՞լ, թե՞ ուզում ենք տարածաշրջանում լորջ դերակատար լինել: Առանց Ղարաբաղի այդ դերակատարը դու երբեք չես լինելու: Նույնիսկ քո մասին մոռանալու են»,- ասաց նա և բերեց Իսրայելի օրինակը՝ նշելով, թե առանց Պաղեստինի Իսրայելը երբեք այդ հզոր պետությունը չեր լինի:
«Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ արժեք է, եթե մենք վախկոտ չենք, եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ, ուրեմն դա բեռ չէ, այլ մի արժեք է, որ պետք է արժանապատվությամբ տանես և հասնես չափազանց լուրջ նպատակների»,- ասաց նա:
Խոսելով Արցախում սպասվելիք 2020 թվականի նախագահական ընտրությունների մասին՝ Քոչարյանը շեշտեց, որ Արցախը պետք է մնա այն տեսակի մեջ, որում հիմա է: «Պետք է մնան ամուր, պայքարի իր անկախության համար, նաև թույլ չտա Հայաստանին այդ տեսակը ջարդել, նվաստացնել, փոքրացնել Ղարաբաղում: Ուզում եմ հավատալ, որ այսպես է լինելու, և այստեղ պետք է ժողուրդը հասկանա, որ սա կարևոր է: Պետք է Հայաստանից այդ աջակցությունը ստանան, ոչ թե փորձեն Հայաստանից դա փոխել»,- նշեց նա:
Վերջում հավելեց, որ ունի նախագահի նախընտրելի թեկնածու, սակայն չասեց, թե ով է նա: