Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի տեսակետից՝ անվտանգություն, որը զիջելն անհնար է․ Նիկոլ Փաշինյան
Հնարավոր չէ՝ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է: Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հարցին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմերը հնարավոր համարու՞մ են միջանկյալ լուծում, որը կարգավիճակի հարցը կթողնի հետոյին:
Փաշինյանն ասաց, որ երբ ադրբեջանական կողմը խոսում է տարածքներից, դրանք Ադրբեջանի տեսակետից են տարածքներ, բայց Ղարաբաղի տեսակետից՝ անվտանգություն են: «Մեզ պետք է հասկանալ՝ ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն, որովհետև երբ ԼՂ-ն փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմնական գործողություններ սկսվեցին ԼՂ հայերի դեմ, և նրանք հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել: Նախագահ Ալիևը Շուշիի, ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի մասին խոսեց: Ստեփանակերտը տարիներ շարունակ Շուշիից ռմբակոծվում էր, և խաղաղ քաղաքացիները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում, դա է ճշմարտությունը, հնարավոր չէ, որ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է»,-ասաց ՀՀ վարչապետը:
Վերջինս անդրադարձավ Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի զինված ուժերի մասին հայտարարությանը՝ նշելով, թե իր որդին զինծառայությունն անցնում է Լեռնային Ղարաբաղում. «Բայց նա գնաց այնտեղ որպես կամավոր, հոժարակամ գնաց: Գնաց՝ պաշտպանելու համար իր հայրենակիցներին, քանի որ ինքը գիտի պատմությունը, ինքը գիտի՝ ինչ է եղել 1988 թվականից սկսած: Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը 100 տոկոսով հայկական էր, և հիմա անգամ մեկ հայ այնտեղ չի ապրում: Մենք գիտենք նաև Նախիջևանի դեպքը, որտեղ ահռելի հայկական բնակչություն կար: Նախիջևանն էլ Ադրբեջանի կազմում Ինքնավար Հանրապետություն է, և հիմա այնտեղ մեկ հայ չկա»,-ընդգծեց Փաշինյանը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ԼՂ-ն բանակցությունների և հակամարտության կողմ չէ, վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել ԼՂ հետ: «Առաջին անգամ 1994 թ.-ին, և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը։ Դրանից երեք ամիս անց վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ երբ Իլհամ Ալիևի հետ առաջին անգամ հանդիպել են Դուշանբեում, մինի հեղափոխություն են արել․ «Այդ հանդիպումից հետո լարվածությունն ընդհանուր առմամբ աննախադեպ անկում ապրեց, և մենք կարողացանք շփման, տեղեկատվության փոխանակման ուղիղ գիծ ստեղծել: Պետք է ընդունեմ, որ այդ պարագայում նախագահ Ալկիևն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է»,-ասաց Փաշինյանը: