Կուրտուան ասել է՝ ով է արժանի ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է, թե ով է իր կարծիքով արժանի ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Հիշեցնենք, որ մրցանակի հավակնորդներն են Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիայի հավաքական), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական) և Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի», Արգենտինայի հավաքական):
«Ի՞նչ եմ մտածում ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի երեք թեկնածուների մասին՝ Լիոնել Մեսսի, Էրլինգ Հոլանդ և Կիլիան Մբապպե: Նրանց դեմ խաղալը միշտ էլ հիանալի է: Չեմպիոնների լիգայում, օրինակ, ինձ հաջողվեց զսպել Հոլանդին, բայց նրա թիմակիցները դուրս եկան ու խփեցին բոլոր գոլերը։
Մբապեն և Մեսսին նույնպես ֆանտաստիկ խաղացողներ են, բայց ես կարծում եմ, որ Հոլանդն ամենաշատն է արժանի այդ մրցանակին, քանի որ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և հսկայական քանակությամբ գոլեր խփել: Այնպես որ, նա արժանի է դրան, չնայած մյուս երկուսը նույնպես շատ գոլեր խփեցին։ Կտեսնենք»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ The Best FIFA Football Awards 2023 ֆուտբոլային մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Լոնդոնում 2024 թվականի հունվարի 15-ին։ Անցյալ տարի մրցանակը շահեց Լիոնել Մեսսին։