Դա հերթական շուլեռությունն է, ի՞նչ ազգային շահ. մեզ վրա արդեն ծիծաղելու են, ինչպես աշխարհը՝ Պուտինի վրա. Մանվել Սարգսյան
Հայաստանի միջազգային իմիջը հարվածի տակ է, մեզ վրա ծիծաղելու են: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ներքաղաքական առաջիկա զարգացումների և վարչապետի ընտրության մասին:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի մի շարք անդամներ հրապարակային հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը կարող է շրջանցել իր այն հայտարարությունը, որ ինքը վարչապետ կամ նախագահ չի դառնա՝ պատմական իրողություններով, ազգային-պետական շահով պայմանավորված, Մանվել Սարգսյանն ասաց, թե նրա թիմն ամեն ինչ կանի, որ արդարացնի այս սցենարը, որպեսզի «մնա իշխանության մեջ»:
«Դա հերթական շուլեռությունն է, ի՞նչ ազգային շահ: Մեզ վրա արդեն ծիծաղելու են, ինչպես աշխարհը՝ Պուտինի վրա: Բրեժնևի ժամանակներին է նմանվում ամեն ինչ, մարդիկ հռհռում էին: Վաղը կարող է ասեն՝ աստերոիդ է գալիս երկրագնդի վրա և միակ մարդը, որ կարող է դեմն առնել… Այդ նույն վիճակը Պուտինի մոտ էր, արդեն չգիտեին, թե ինչպես արդարացնել»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետը նշեց, որ ցանկացած երկրի միջազգային վարկանիշը հարվածի տակ է հայտնվում, երբ տարիներ շարունակ նույն իշխանությունն է պաշտոնավարում: «Աշխարհը Ալիևի վրա ինչի՞ է ծիծաղում: Հայաստանում նոր նախագահ են բերել, ասում են՝ մի երկու թուղթ բեր, հիմնավորի, որ այստեղ ես ապրել, չի բերում, չունի: Այսպես ո՞նց կարելի է: Պետական մտածողություն բացարձակ չի ցուցաբերվում: Մարդիկ իրենք իրենց անձնական խնդիրներն են լուծում»,- ասաց քաղաքագետը:
Մանվել Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից, 20 տարի իշխանության մեջ գտնվող մարդկանց համար «այլ իմաստ չկա, քան՝ պաշտոնը»:
«Վաղը մեկին զանգես, ասես էլ պաշտոնի չես, մեկ գիշերում կարող է ինֆարկտ ստանա, մահանա: Մեկին հանում են պաշտոնից, հետո կառույց, մի միավոր են ստեղծում, որ մարդիկ իշխանությունից դուրս չմնան: Դա իրենց աշխարհայացքն է, ուրիշի հաշվին ապրելու մոլուցք, իրենք իրենց հաշվին սուրճ առնել չեն ուզում»,- նշեց Սարգսյանը:
Խոսելով այն կարծիքների մասին, որ Սերժ Սարգսյանը միակն է, ով, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ողջ գործընթացին ծանոթ է և այս փուլում նրան փոխարինել չեն կարող, քաղաքագետը չհամաձայնեց: Նա ասաց, որ երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, մինչ այդ բանակցությունների չէր մասնակցել, բայց նրա մասին այդ ժամանակ չէին ասում, թե նա անփորձ է: «Անփոխարինելի բանակցող չկա: Մարդիկ չգիտեն՝ ինչի համար են բանակցում, մենք խոսել ենք բազմիցս, դիրքորոշումը հստակ ներկայացնել չեն կարողանում»: