Նիցցայի հոգևոր տունը կողոպտողը մի անձ է, որ հաշտության հետ համաձայն չէ․ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ
Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ ոչ թե Նիցցայի եկեղեցու կողպեքն են գողացել, ինչպես տարածվել է լրատվամիջոցներով, այլ Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանի տունը, որը եկեղեցու կողքին է, կողոպտել են:
Նա հիշատակեց, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին արդեն տասը տարի է՝ կարգալույծ արված հոգևորականների հսկողության տակ է, հայ առաքելական եկեղեցու հոգևորականները այդ եկեղեցու բանալին չունեն:
«Տեր Գրիգորը հիմա թեմի ընդհանուր փոխանորդն է, միշտ չէ, որ Նիցցայում է լինում: Երկու օր առաջ լուր հասավ, որ նրա տունը կողոպտել են, ինքը մտահոգ գնաց այստեղից: Պարզվեց՝ ճիշտ է: Ես էլ նրան ասացի, որ ոստիկանություն կանչի, և երկուշաբթի առավոտ դատարան է լինելու, պետք է տեսնենք՝ ով է, ինչու՞ է նման բան արել: Բացի տնից նաև նրան փոստն են կողոպտել,- պատմեց նա՝ հավելելով, որ հիմա շատ բան ասել չեն կարող, չգիտեն, թե ինչ է եղել,- անշուշտ կասկածներ կան, որ այդ նույն խառնիչ խումբն է արել, որ տասը տարուց ավելի է եկեղեցուն է տիրացել: Շատ կասկածներ կան, բայց չենք կարող խոսել: Դատարանում ամեն ինչ կպարզվի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը փոխել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բոլոր փականները՝ դրսում թողնելով Նիցցայի հոգևոր հովիվ, Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տեր Գրիգոր աբեղա Խաչատրյանին: «Վերջին անգամ, երբ վերադարձա Նիցցա, տեսա, որ բոլոր դռների փականները փոխել են, և ես չեմ կարողանում մտնել հովվատուն: Դրանից առաջ ես Նիցցայից լուրեր ստացա, որ կարգալույծ հայտարարվածները լուրեր են տարածում, թե իբր նորից դիմել են դատարան, շահել են դատը և իրավունք են ստացել մտել են հովվատուն: Գալուս օրը՝ երեկոյան, հավաքվել էինք դարպասների մոտ՝ մեր հավատացյալներից 50-60 հոգի ինձ հետ միասին, իսկ ես գիշերեցի փողոցում՝ եկեղեցու մոտ»,-Tert.am-ի հետ զրույցում պատմել էր նա:
Վահան սրբազանը ներկայացրեց, որ իրենք բանակցել են հայ ժողովրդի այն ներկայացուցիչների հետ, որոնք անցել են կարգալույծ արված հոգևորականների խմբի մեջ։
«Մեզ հետ կապի մեջ են նրանք: Ես մոտեցել եմ նրանց ընտրվելուցս հետո, ցանկացա իրավիճակը շտկել, համերաշխ հանգրվանին հասնել,- ասաց նա՝ նշելով, որ ինքն ու այդ մարդիկ համոզված են, որ պառակտումը հիմա որ կա, պետք է վերանա,- այդ երկխոսությունը հիմա շարունակվում է: Մենք անցյալ հինգշաբթի ժողով ենք արել, որոշել ենք, որ երկու կողմ պետք է լինի և՛ մեր, և՛ իրենց կողմից մարդիկ պետք է լինեն, որ հաջորդ քայլերն անենք դեպի հաշտություն և միացում»:
Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի խոսքով՝ այս տասը տարիների ընթացքում կարգալույծ արված և հայ առաքելական եկեղեցու հոգևորականների շուրջը համախմբված մարդիկ միմյանցից վիրավորված են եղել, իրար դեմ մամուլում բաներ են գրել:
«Այս տասը տարվա վիրավորական վիճակը չես կարող վերացնել մեկ շաբաթվա կամ ամսվա ընթացքում: Բայց մեծ քայլեր ենք արել: Նրանց հետ խոսելը, հաշտության մասին խոսելը երեք տարի առաջ անկարելի էր: Հիմա քայլերի ցուցակ ունենք, թե ինչ պետք է անենք, և երկու կողմերն են համաձայն են: Դրական քայլերի վրա պետք է կենտրոնանանք: Ես դեռ հույս ունեմ, որ այս հարցը լուծման կհասնի»,- ասաց նա՝ նշելով, որ հաշտությունը ենթադրում է Սուրբ Աստվածածին եկեղեցու վերադարձ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին,- բարերարներն այն կառուցել են մեր եկեղեցու համար, ոչ թե աղանդի կամ կարգալույծ արված քահանայի համար: Եթե մենք զգացինք, որ իրենք լուրջ չեն տրամադրված հաշտությանը, մենք շարունակելու ենք դատական գործընթացը: Դատի հաղթանակը մերն է: Բարերարներն այդ եկեղեցին կառուցել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար»:
Թե ինչու են կողոպտել հայր Գրիգորի տունը, Վահան սրբազանը պատասխան չուներ, ասաց՝ դատարանը կպարզի: «Ինձ համար տրամաբանական չէ, որ նույն խումբը, որ մեզ ասում է՝ եկեք հաշտվենք, խոսենք, անցյալի վերքերը բուժենք, պիտի փորձի քահանայի տունը կողոպտել: Նորից եմ ասում՝ պատճառը չգիտեմ, երանի իմանայի: Կսպասենք՝ երկուշաբթի օրը ինչ կլինի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծես տեր Գրիգորը վստահ է, որ տունը կողոպտողները կարգալույծ եղած հոգևորականներն են եղել, Վահան սրբազանը պատասխանեց․ «Կարգալույծ արված հոգևորականն այնտեղ չեն լինում: Նա տոնական օրերին գալիս է եկեղեցի, պատարագ անում և գնում: Անկարելի է, որ ինքը արած լինի դա: Բայց նրա շուրջ մարդիկ կան, որ հարցեր ունեն նախաձեռնված հաշտության հետ: Հիմա և՛ մեր կողմից, և՛ մյուս կողմից մարդիկ կան, որ չեն ուզում, որ հաշտություն լինի: Մեր կողմից էլ մարդիկ կան, որ շատ վիրավորված են և չեն ցանկանում հաշտվել նրանց հետ: Ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք նրանց՝ հաշտության համար, խոչընդոտներ են գտնում․ նամակներ են գրում, մամուլի ուշադրությունն են հրավիրում, թե նրանք մեզ հայհոյում են: Հետևաբար` տունը կողոպտողը մի անձ է, որ հաշտության հետ համաձայն չէ, մեկն է, որ ուզում է աղմուկ հանել՝ այս քայլերին հակառակ: Սպասենք երկուշաբթի օրվան, տեսնենք՝ դատը ինչ կպարզի: Ուրիշ պատճառ էլ կարող է լինել՝ գուցե տանը հրդեհ է բռնկվել, նրանք բանալին չեն ունեցել, հանգեցրել են, հետո կողպել դուռը: Ես իրենց հետ էլ եմ կապվել (նկատի ունի մյուս թևի հետ-Հ ․ Հ․), շատ հանգիստ պատասխանել են, որ կպարզեն՝ ինչ է եղել»:
Վահան Սրբազանի խոսքով՝ եթե պարզվի, որ նույն խումբը, որ իրենց հետ նստում, հաշտության համար բանակցություններ է տանում, հայ Գրիգորի տունն է կողոպտել, ինչը, ըստ Վահան սրբազանի, անտրամաբանական է, նշանակում է, որ նրանք իրենց շահը չեն հասկանում:
«Այդ դեպքում մենք կշարունակենք դատարանով մեր շահերը պաշտպանել, մեր քայլերը շարունակել: Մենք որևէ վնաս չունենք: Միակ վնասը, որ կա, որպես սրբազան եմ ասում՝ մեր զավակների պառակտումն է: Մեր ժողովուրդն է, ոչ թե եկեղեցին, որ պառակտված է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիցցայում հայ համայնքը պառակտվեց, քանի որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը չընդունեց թեմական նոր կանոնադրությունը և սկսեց չճանաչել թեմի իշխանությանը: