Բոլոր փորձերը՝ Կարեն Կարապետյանին անջատել ՀՀԿ-ից, նպատակին չեն հասնելու. Էդուարդ Շարմազանով
Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը շատ արդյունավետ է աշխատել, առնվազն այս վերջին մեկ տարվա ընթացքում, ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ, որը արդյունք է Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ միասնական կոալիցիոն կառավարության: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը լավ է աշխատում, ապա ինչո՞ւ ապրիլից հետո նրան չեն ընտրելու վարչապետ։ ՀՀԿ խոսնակը, սակայն շեշտեց, որ այս պահին ՀՀԿ-ն դեռևս չի որոշել կամ քննարկել, թե ով է լինելու վարչապետը, ավելին՝ հորդորեց առաջ չընկնել:
«Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել, հակադրության մեջ դնել ՀՀԿ-ից ու իր ընկերներից, իրենց նպատակին չեն հասնելու, գնացեք, այլ գործով զբաղվեք, Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային անդամներից մեկն է, նախագահի առաջին տեղակալն է, իրականացնում է մեր կուսակցության և մեր նախագահի միասնական քաղաքականությունը»,- ասաց նա:
Շարմազանովը, խոսելով ապրիլին ձևավորվելիք կառավարության մասին, ասաց, որ քննարկում չկա. «Ինչ կորոշի քաղաքական մեծամասնությունը ապրիլի 9-16-ի ընթացքում, մենք երբ կքննարկենք, այդ ժամանակ էլ կտանք բոլոր հարցերի պատասխանները»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ իրենք կներկայացնենք այնպիսի կառավարության կազմ, որն, ըստ իրեն ու հասարակության, կարող են լավագույնս իրականացնել գործադիրին տրված լիազորությունները:
«Կարեն Կարապետյան վարչապետին ու մեր հարգարժան գործընկերոջը մի առանձնացրեք ՀՀԿ-ից, մենք բոլորս մեկ միասնական թիմ ենք: Մի՛ փնտրեք հակասություն այնտեղ, որտեղ գոյություն չունի»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանով: