Կոնյականման խմիչքներ, նույն անունով վաճառվող ապրանք. Տավուշի մարզի գործարարների ՏՄՊՊՀ-ի ղեկավարին ներկայացրին իրենց խնդիրները
Տավուշի մարզում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ հետ հանդիպման ժամանակ «Դիլիջան» հանքային գործարանի տնօրեն Վլադիմիր Դանիելյանը ներկայացրեց, որ իրենց գործարանի արտադրանքի ապրանքանիշի նման, գրեթե նույն շշով, նույն անվանմամբ արտադրանք է ներկայացվել շուկա և փորձում են մոլորության մեջ գցել սպառողներին:
Նա հայտնեց, որ իրենց ապրանքային նշանը գրանցվել է մտավոր սեփականության իրավունքում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ այստեղ կա առերևույթ անբարեխիղճ մրցակցության երևույթ և կոչ արեց ընկերությանը համապատասխան փաստաթղթերով խնդիրը ներկայացնել հանձնաժողովին: «Բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ տնտեսվարողները մեկը մյուսի ապրանքանիշը նմանակելու միջոցով փորձում են անբարեխիղճ մրցակցային գործունեություն ծավալել»,-ասաց նա:
«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ տնօրեն Ատոմ Եգորյանը բարձրացրեց կոնյականման այլ խմիչքի` շուկայում հայտնվելու խնդիրը: Նա նշեց, որ տվյալ խմիչքը կոնյակի նման շշով է արտադրվում, ավելի մատչելի է, սակայն շփոթեցնում է սպառողներին: «Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք այդ խմիչքն ունի՞ ապագա, ի՞նչ խորհուրդ կտաք, քանի որ կոնյակը մեզ համար բրենդ է, և հիմա դա ազդում է որակի վրա»,-ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ շատ ակտուալ հարց է բարձրացվում: «Կան տնտեսվարողներ, որոնք արտադրում են կոնյականման խմիչքը, որը արտաքին տեսքով, պիտակով, գույնով նման է կոնյակին և կարող է սպառոներին մոլորության մեջ գցել: Թեև անունները տարբեր են և չի նշվում «կոնյակ», այլ թունդ խմիչք, օրիգինալ խմիչք, սակայն օրենսդրության մեջ նման խմիչքներ չկան: Դրանք, թեև կոնյակ չեն հանդիսանում, բայց սպառողը կարող է շփոթել և մտածել կոնյակ է»,-ասաց նա:
Արտակ Շաբոյանը նշեց, որ այդ առումով չկան իրավական կարգավորումներ: Նա նշեց, որ հարցը բարձրացրել են և քննարկել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, գյուղատնտեսության նախարարության հետ, քանի որ համապատասխան կարգավորումներ են անհրաժեշտ և արդյունքում օրենսդրական փոփոխություններ կիրականացվեն: ՏՄՊՊՀ նախագահը նկատեց նաև, որ հաճախ տվյալ տեսակի արտադրանքը արտադրվում է հենց կոնյակ արտադրող ընկերությունների կողմից:
Տնտեսվարողը հարց բարձրացրեց նաև, թե արդյոք հնարավոր է գնային քաղաքականություն սահմանել, որպեսզի արտահանվող կոնյակները շատ էժան գին չունենան, իսկ Արտակ Շաբոյանը նշեց, որ իրենք արդյունավետ չեն համարում միջամտել գնային քաղաքականությանը: «Պարզապես պետական համապատասխան մարմինները պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնեն, որ շուկայում չլինեն կոնյակներ, որոնք որակապես ավելի ցածր հատկանիշներ կունենան»,-ասաց նա: