Դեպքեր կան, որ պետական մարմինները մրցակցային անհավասար պայմաններ են առաջացնում. Ա. Շաբոյանը՝ պետական գնումների ոլորտի մասին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր Տավուշի մարզում գործարարների հետ հանդիպմանը հայտնեց, որ ուսումնասիրել են պետական գնումների համար հայտարարված մրցույթները, քանի որ միջազգային փորձը ցույց է տվել, որ երբեմն տնտեսվարողները պայմանավորվում են, գալիս են համաձայնության: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում չորս ոլորտ են ուսումնասիրել: «Թեև հակամրցակցային պամանվորվածության դեպքեր չենք բացահայտվել, բայց բազմաթիվ դեպքեր ենք բացահայտվել, երբ պետական մարմիները սահմանափակումներ են իրականացնում, այսինքն գրում են կոնկրետ ապրանքի անունը, կամ տեխնիկական բնութագրերը այնքան մանրամասն են գրում, որ ակնհայտ է դառնում, թե որ ընկերությունը պետք է շահի մրցույթը»,-ասաց նա:
Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնություն է մշակվում, ըստ որի, այն պետական պաշտոնյաները, որոնք կխոչընդոտեն մրցակցությունը, կենթարկվեն պատասխանատվության:
Tert.am-ը Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ այս դեպքում պետությունն է անբարեխիղճ մրցակցության դրսևորում, նա ասաց. «Կարող եք արձանագրել, որ դեպքեր ենք բացահայտում, երբ պետական մարմինները իրենց վարքագծով, գործողությամբ այնպիսի իրավիճակներ են ստեղծում, որոնք մրցակցային անհավասար պայմաններ են առաջացնում, դրանք ուղղակիորեն չեն գտնվում մեր իրավասության ներքո, սակայն ամեն դեպքում պետական մարմինների վարքագծի հետևանքով մրցակցային անհավասար պայմաններ, մուտքի խոչընդոտնր են առաջանում և բարեխիղճ տնտեսվարողները հնարավոր է, որ շուկայից դուրս մնան»:
Դիտարկմանը, թե այսինքն կառուպցիոն տարրեր կան, նա ասաց, որ դրա վերաբերյալ մեկնաբանություն չի կարող տալ:
Ի դեպ Արտակ Շաբոյանն ասաց, որ վերջին շրջանում դեպի Ռուսաստան ապրանք արտահանող տնտեսվարողները բարձրաձայնում են,որ արտահանման ժամանակ հանդիպում են խոչընդոտների և այդ հարցը ուսումնասիրվել է իրենց ռուսաստանյան գործընկերների հետ: Նա նշեց, որ ռուսաստանյան որոշ առևտրային ցանցերի ներկայացուցիչներ Հայաստան եկան, հանդիպումներ եղան, ինչի արդյունքում բազմաթիվ հարցեր, խնդիրներ լուծվեցին և այժմ շատ արտադրողներ կարողանում են անմիջական աշխատել ռուսական առևտրական ցանցի հետ: