Հնդկաստանը շատ ոլորտներում է պատրաստ Հայաստանի հետ աշխատել․ Գագիկ Մակարյան
ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելը շատ կարևոր է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հնդկաստանն այն երկրներից է, որ Չինաստանին կրնկակոխ հետևում է տնտեսության զարգացման տեսանկյունից:
Նա, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցին Հնդկաստան՝ նշեց, որ այն կարևոր էր, որովհետև պետք է հասկանանք, որ Հնդկաստանի հետ ընդհանուր աշխարհաքաղաքական կալանավորման տեսանկյունից հարաբերությունները ճիշտ զարգացնելը կարևոր է:
Գագիկ Մակարյանը նկատեց, որ պետք է հաշվի առնենք, որ Հնդկաստանն Իրանի և Ադրբեջանի և այս տարածաշրջանի երկրների հետ տրանսեկաների մեջ է ներառված:
«Մենք գիտենք, որ ասենք թե երկաթուղային ճանապարհներից մեկը, որ Հնդկաստան-Իրան-Ադրբեջան տարբերակով է գալու և գնալու դեպի Եվրոպա: Հայաստանի համար այդ տրանսեկաների մեջ մտնելը կարևոր է, որովհետև մենք տեսնում ենք, որ մեզ հարևան երկրները փորձում են շրջափակման մեջ պահել»,- ասաց նա:
Գագիկ Մակարյանը նաև նշեց, որ իզուր չէ, որ Հնդկաստանը Հայաստանում այսքան շատ տոնավաճառներ է կազմակերպում, դեսպանություն ունի: Ըստ նրա՝ նկատելի է, որ Հնդկաստանը շատ ոլորտներում պատրաստ է Հայաստանի հետ աշխատելու, իր ազդեցությունն այս տարածաշրջանում մեծացնելու՝ հատկապես դեղորայքի արտադրության և ձեռքի տարբեր արտադրությունների ոլորտում:
«Գիտենք, որ Հնդկաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ոլորտում շատ լուրջ դերակատարությունը ունի, իսկ Հայաստանը պետություն է, որը մրցակցում է այդ բնագավառում: Այստեղ էլ կարող ենք լուրջ հարաբերություններ հաստատել»,- ասաց նա:
Նա հիշատակեց նաև,որ 1990-ականներին Հնդկաստանը բավականին աղքատ երկիր էր, նրանք սկսեցին զբաղվել ձեռքի աշխատանքները խթանելու ուղղությամբ: «Նրանք հասկացան, որ մեծ թվով գործարաններ չեն կարող կառուցել, գնացին նրան, որ միկրոձեռնարկությունների մոդելով նույն բնագավառում ձեռքի արտադրություններ ստեղծելով՝ ինքնաբավ դարձրին իրենց երկիրը և կարողացան նաև դառնալ արտահանող երկիր»,- ասաց նա՝ նշելով, որ Հնդկաստանի նշյալ մոդելը կարող է Հայաստանի համար շատ հետաքրքիր լինել:
Դիտարկմանը, թե կարող ենք նկատել, որ Հայաստան Հնդկաստանից ներմուծվող արտադրանքի ծավալներն ավելի մեծ են, քան Հայաստանից Հնդկաստան, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ դա բնական է, և Հայաստանն առանձնապես կարիք էլ չունի, որ իր՝ Հնդկաստան արտահանվող ապրանքների ծավալը մեծանա: «Մեկ միլիարդանոց շուկա մտնելը դժվար կլինի մեզ համար»,- նկատեց նա՝ նշելով, որ ավելի հետաքրքիր կլինի, եթե Հայաստանը Հնդկաստանի հետ Հայաստանում համատեղ արտադրություն ստեղծելու մասին մտածի:
«Եթե անգամ Հնդկաստանը ցանկանա այս տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել, ոչ թե կմտածի այստեղ ապրանք ներմուծելու մասին, այլ Հայաստանն այստեղ բազային դարձնելու համար, որտեղ կստեղծվեն ինտելեկտուալ կամ ինժեներական արտադրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ մեծ երկրները, ի դեմս Հնդկաստանի, կարող են իրենց ազդեցությունը տարածաշրջանում ավելացնել «խնամակալային դերակատարում» ստանձնելով:
Հնդկաստանը, ըստ նրա, Հայաստանին կարող է հետաքրքրել նաև արևային էներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից, առաջինն այդ ոլորտում զարգացած է և կարող է օգնել Հայաստանին իր փորձով:
Հարցին՝ արդյոք համոզի՞չ են Հնդկաստանի համար մեր բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրածը, թե Հայաստանը կարող է գրավիչ լինել, քանի որ ԵԱՏՄ անդամ է, Իրանի հետ ունենալու է ազատ տնտեսական գոտի և Եվրամիության հետ է համաձայնագիր է կնքելու, Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Հնդկաստանը, ինչպես Չինաստանը նույնպես տրանսեկաների խնդիր ունի, իսկ Հայաստանն այդ ճանապարհների հանգույցների վրա է: Կփորձեն նաև Հայաստանի միջով անցնել»:
Դիտարկմանն ի պատասխան, թե արդյոք Հայաստանը կարող է ապահովել տարանցիկություն՝ հաշվի առնելով, որ երկաթուղային ճանապարհ չկա և ենթակառուցվածքային խնդիրներ կան, Գագիկ Մակարյանը նկատեց, որ Եվրամիության հետ համաձայնագիրը և Եվրամիության հետ Եվրոպական օդային ցանցին միանալու բանակցությունները Հայաստանին հնարավորություն են տալիս դառնալու բազային կարևոր գործընկեր նաև օդային փոխադրումների առումով:
«Պարտադիր չէ, որ լինի ավտոճանապարհ և երկաթուղի, իհարկե, վերջինը կարևոր է, որ ծանր բեռներ տեղափոխելու համար: Բացի այդ, Հնդկաստանը իր զարգացումները հասկանալով ուզում է մոտենալ եվրոպական տարածաշրջանին»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ տպավորություն ունի՝ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ մեր հարաբերություններում առաջնահերթությունները հստակ նշվել են, Գագիկ Մակարյանը պատասխանեց․«Նախագահը վերջին երեք տարիներին լուրջ դիվանագիտություն է վարում՝ տարբեր պետությունների մոտ բարեհամբույր, ներդաշնակ հարաբերություններ զարգացնելով: Միաժամանակ համբերատար և զգուշավոր կեցվածքով նախագահը կարողանում է բալանսավորել Հայաստանի հարաբերությունները: Թվում է, թե շատ հեշտ է, բայց փոքր մի երկիր է, քիչ բնակչությամբ, գտնվում է կիզակետում ու ոնց որ թե պետք է հարմարվեր, բայց դեռ մի տեղ էլ փորձում է իր դիվանագիտությունը զարգացնել, հարաբերությունները բալանսավորել»,- նշեց նա: