Հայ-իսրայելական հարաբերությունները երբեք այնքան մոտ չեն եղել մտահոգիչ հարցերի քննարկմանը, որքան հիմա. Կարեն Վերանյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նաբանդյանի այցելությունը Իսրայել քաղաքական, դիվանագիտական, իրավական հիմքեր է ստեղծում, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրաձայնվի Իսրայելում: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փորձագետ Կարեն Վերանյանը: Վերջինս նշեց, որ դա, սակայն, ամենևին չի նշանակում, որ առաջիկա մեկ կամ երկու ամսում Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Ըստ նրա՝ նման գործընթացը սկսելու համար նախ կողմերը պետք է համագործակցության հիմքեր դնեն, որը կարող է արտահայտվել երկու երկրներում դեսպաններ նշանակելով:
- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել էր Իսրայել, ինչից հետո հայտարարել էր, որ հայկական կողմն ակնկալում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում: Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է «ստիպել» Ադրբեջանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
- Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացվել է հայկական կողմից: Եղել են ժամանակներ նաև, երբ Ցեղասպանության հարցը դրվել է Իսրայելի օրենսդիր մարմնի կողմից: Տեղի հայկական համայնքի լոբբիստական խմբերի աջակցությամբ Իսրայելի խորհրդարանական մի շարք ուժեր տարբեր ժամանակներում բարձրացրել են այդ հարցը, բայց, ինչպես ակնկալվել է, լուրջ առաջընթաց հարցի դրական լուծման հետ կապված չի եղել: Իսրայելը հարցին պաշտոնական մոտեցում ցույց չի տվել և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ուզում եմ նշել, որ հայկական կողմը Իսրայել էր հրավիրվել բարձր ղեկավարության կողմից, ինչից կարելի է ենթադրել, որ ակնկալիքներ կան նաև այլ հարցերի առարկայական լուծման հետ կապված, որոնք մտահոգում են Հայաստանին: Հայ-իսրայելական հարաբերությունները դեռևս այդքան մոտ չեն եղել այդ հարցերի քննարկմանը: Սա նշանակում է, որ Է. Նալբանդյանի այցելությունը քաղաքական, դիվանագիտական, իրավական հիմքեր է ստեղծում, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրաձայնվի Իսրայելում: Բայց սա չի նշանակում, որ առաջիկա մեկ կամ երկու ամսում Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Նախ և առաջ, կողմերը պետք է երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր հարցերի շրջանակներում գան որոշակի կոնսենսուսի, փոխըմբռնման՝ թե՛ հայկական, թե՛ իսրայելական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ:
- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:
- Առաջին հերթին խոսքը դեսպանների փոխանակման մասին է: 25 տարի է, հարաբերություններ կան Հայաստանի ու Իսրայելի միջև, չնայած չգիտեմ, թե ինչքանով է կարելի դրանք հարաբերություններ որակել, բայց լուրջ դիվանագիտական գործակցություն չկա: Այնինչ, մեծապես ընդլայնվում է դիվանագիտական մոտեցումների դաշտը: Հայաստանի անկախության ճանաչումից ի վեր երբևէ չի եղել իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրաձայնման մասին Իսրայելի իշխանությունները խոսեն: Բայց, կրկնում եմ, աշխատանք է պետք տանել, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայկական կողմը մշտապես բարձրացրել է հարցը, բայց որակապես այսպիսի իրավիճակ նախկինում չի եղել: Սա լավ հնարավորություն է մեզ համար, որից օգտվել է պետք:
- Պարոն Վերանյան, ի՞նչն է խանգարում կողմերին փոխզիջումներ անել՝ հայ-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար:
- Չեմ կարծում, որ փոխզիջումների խնդիր է դրված: Կողմերը կարող են իրենց երկրների շահերից ելնելով քննարկել հարցեր, որոնք մտահոգիչ են նրանց համար: Հայկական կողմն օրինակ կարող է բարձրացնել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցը, ինչի արդյունքում Իսրայելի մոտեցումները կարող են փոքր-ինչ փոխվել, բայց սա չի նշանակում, որ Իսրայելը կսահմանափակվի Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում: Ամեն դեպքում, այս այցելությամբ Իսրայելի ղեկավարությունը ավելի խորքային պատկերացում կկազմի, թե ինչ մտահոգություններ ունի հայկական կողմը: Եթե մինչ այդ իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության համատեքստում հայկական գործոնը չէր դիտարկվում, հիմա կարող է դիտարկվել:
Իսրայելական կողմը Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ խոսվել է նաև Իրանի ու Իսրայելի հարաբերությունների մասին: Խոսվել է այն տեսակետի շուրջ, որ Իրանը ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում և բնականաբար, հայկական կողմն ունի որոշակի դիրքորոշում այս կապակցությամբ՝ զարգացնել Իրանի հետ հարաբերությունները, որը արտահայտվել է հանդիպման ժամանակ: Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է ոչ թե հակադրվի հայ-իրանական համագործակցությանը, այլ՝ համադրվի:
Իսկ զիջումները տեսական հարթության խնդիր են, քանի որ, ըստ էության, Հայաստանի ու Իսրայելի միջև չկան լուրջ, խորքային, բազմակողմանի համագործակցության եզրեր:
- Կարելի՞ է արդյոք ակնկալել հայ-իսրայելական հարաբերություններում դրական տեղաշարժ կամ Հայոց ցեղասպանության ճանաչում, երբ չունենք դիվանագիտական հարաբերությունների առկայության դրսևորման բաղադրիչներից մեկը՝ արտակարգ ու լիազոր դեսպաններ երկու երկրներում էլ:
- Որևէ խոչընդոտ չկա այդ հարցը բարձրացնելու համար: Այո, չունենք դեսպաններ, բայց դիվանագիտական հարաբերություններ ունենք, այլ հարց է՝ դրանք բավարարո՞ւմ են մեր սպասելիքներին, թե ոչ: Կարծում եմ, որ այդ հարցը առավել առարկայական կարող է քննարկվել, երբ քաղաքական ենթատեքստը թուլանա: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ասեմ, որ այդ երևույթները միմյանց հետ խիստ կապված չեն, բայց, քանի որ երկկողմ հարաբերությունները բավական թույլ մակարդակում են, շատ մեծ աշխատանք պետք է տարվի՝ ճկուն մոտեցումներ մշակելու համար:
Վերջերս, եթե հիշում եք, Իսրայելի տարածքային համագործակցության նախարարն էր եկել Հայաստան, ստորագրվել էին մի շարք պայմանագրեր և դրանք կարող են օգնել համագործակցության ամրապնդմանը: Կարծում եմ, որ սա մեծ հնարավորություն կլինի կողմերի համար մտահոգիչ խնդիրները բարձրացնելու տեսանկյունից, քան այն, որ Իսրայելի օրենսդիր մարմինը նորից բարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Որպեսզի այդ հարցում շոշափելի արդյունքներ լինեն, դրա համար համագործակցության հիմք է պետք: