Եթե Վիգեն Սարգսյանը տար այն քանոնը, որը կչափի ուսանողի բացառիկությունը, այն ժամանակ կասեի՝ այդ արտոնությունն արժե ամրագրել. Ա. Բախշյան
Մեր իրականության մեջ ում ասես կարող են բացառիկ տաղանդավոր համարել, եթե նա օլիգարխի, բարձրաստիճան պաշտոնյանի որդի է կամ թոռ է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ տարկետման վերաբերյալ հայտարարությանը:
«Ինչպես պետք է չափեն դա: Եթե Վիգեն Սարգսյանը տար բացառիկության սահմանումը և այդ քանոնը, որը կչափի ուսանողի բացառիկությունը, այն ժամանակ ես կասեի, որ այդ արտոնությունն արժե ամրագրել: Բայց այսօր ես դեմ եմ այդ արտոնությանը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկմանը, որի դրույթներից մեկով նախատեսվում է տարկետման իրավունքի գրեթե վերացում, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ տարկետման իրավունք կտրվի բացառիկ տաղանդավոր ուսանողներին: Նույն հայտարարությունը պաշտպանության նախարարը արել է նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և վարչապետի ու նախարարների միջև հանդիպման ժամանակ:
Ըստ Անահիտ Բախշյանի՝ բացառիկության սահմանումը չտալով կոռուպցիոն ռիսկեր ի հայտ կարող են գալ: Նրա կարծիքով՝ տարկետման այս հնարավորությունից օգտվողները լինելու են հենց պաշտոնյաների որդիները:
«Մեր իրականության մեջ ում ասես կարող են բացառիկ տաղանդավոր համարել, եթե նա օլիգարխի, բարձրաստիճան պաշտոնյանի որդի է կամ թոռ է: Սա մենք շատ ենք տեսել: Նա ով պաշտոնյա է, շատ փող ունի, իր տղան կարող է բացառիկ տաղանդավոր լինել և պետք է սովորի Բրիտանիայի լավագույն համալսարաններից մեկում»,- նկատեց նա:
Կրթության փորձագետը բացառիկության չափման իր առաջարկն է անում, ավելի ճիշտ՝ հակընդդեմ առաջարկը:
«Թող ամեն տարի հրապարակվի այն տղաների ցուցակը, որոնց ծնողները կամ բարձրաստիճան պաշտոնյա են, կամ օլիգարխ են: Մենք այդ ցուցակն ունենանք և հետևենք հաջորդ զորակոչերին՝ պաշտոնյաների տղաները բանակում են, թե ոչ: Ո՞ր զորամասում են՝ մի տաքուկ տեղ, թե սահմանին»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը:
Նա նշում է, որ ընդհանրապես կողմ է օրենքին, բայց դեմ է բացառիկ տաղանդավոր ուսանողներին արտոնություն տալուն. «Մեր իրականության մեջ բացառիկությունը չափելու գործողության նկատմամբ զրոյական վստահություն է, և անձամբ ինձ մոտ, սկսում են մտահոգություններ առաջանել»:
Անահիտ Բախշյանը կողմ է տարկետման իրավունքի վերացմանը: Նա հիշեցնում է, որ մինչ այս Հայաստանում եղել է տարկետման արտոնություն, բայց հարց է բարձրացնում՝ նրանցից քանիսին տարկետում տալով գիտությունը զարգացավ:
«Ի վերջո, տղամարդու համար առաջին առաքելությունը, մանավանդ մեր երկրի պարագայում, իր երկիրը, իր ընտանիքը պաշտպանելն է, որը չեմ գերադասում սովորելուց: Բայց կարելի է նա էլ անել, նա էլ: Իսկական տղամարդը նախ կծառայի, հետո կգնա իր գիտությամբ կզբաղվի»,- ասաց Անահիտ Բախշյանը: