Կամ Վանաձորի ավագանին կընտրի նոր քաղաքապետ, կամ այն լուծարվում է, նշանակվում են արտահերթ ընտրություններ. Ն. Զոհրաբյան
Ի՞նչ է ենթադրում Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական ճանաչած Սահմանադրական դատարանի որոշումը, արդյո՞ք գործող քաղաքապետը պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից և որո՞նք են լինելու ավագանու կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քայլերը. այս հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ին ՍԴ-ն հրապարակեց Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշում, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ի վերջո, Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն է այս որոշման էությունը, և ի՞նչ է այն ենթադրում:
-ՍԴ վճիռը շատ հստակ է և մեկնաբանելի չէ: Ինձ համար կլինի խիստ անհասկանալի, եթե ինչ-որ մեկը փորձի մեկնաբանել ՍԴ վճիռը: Իհարկե, ինձ համար մի քիչ հասկանալի չէ, թե ինչու մինչև մարտ սահմանվեց ժամկետ, այսինքն ինչ է՝ անօրինական հրավիրված ավագանու նիստերը հանկարծ կարող են դառնալ օրինակա՞ն։ ՍԴ վճիռը հստակ է, որ Վանաձորի ավագանու հրավիրած նիստերը լեգիտիմ չեն, և այն որոշումները, որ ընդունել է ոչ լեգիտիմ ավագանին լեգիտիմ չեն: Սա հստակ է, լուծումն էլ պարզ է: Կա երկու ճանապարհ՝ կամ Վանաձորի ավագանին նիստում, որին կմասնակցեն նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ավագանիները, որոնք բոյկոտում էին նիստը, կընտրի նոր քաղաքապետ, կամ՝ տարբերակ 2-րդ, որը ես համարում եմ ամենաճիշտ տարբերակը՝ Վանաձորի ավագանին լուծարվում է, և նշանակվում են Վանաձորի ավագանու արտահերթ ընտրություններ։ Այլ լուծում չկա, ճանապարհը սա է:
- Այդ տարբերակների կիրառումը, Ձեր կարծիքով, ե՞րբ պիտի լինի՝ մինչև մարտի 31-ը, որը ՍԴ սահմանած ժամկետն էր, որպեսզի ԱԺ-ն օրենքի մեջ հստակություն մտցնի, և դրան համապատասխան՝ Վանաձորի ավագանին իր որոշումներում փոփոխություններ կատարի, թե՞ մինչև այդ:
-Ես կարծում եմ, որ այստեղ իրավաբաններն իրենց խոսքը պետք է ասեն, բայց 31-ի հետ կապված, կրկնում եմ, ինձ համար էլ որոշակի հարցականներ կան՝ ինչո՞ւ մինչև մարտի 31-ը: Արդեն իսկ ՍԴ որոշումը կա, որ ավագանու հրավիրած նիստերն իրավազոր չեն եղել. ես սահմանադրագետ չեմ, բայց ՍԴ որոշումն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ մինչև մարտի 31-ը կարող է ավագանին լուծարվել, և նշանակվել ավագանու արտահերթ ընտրություն։ Կամ, եթե Հանրապետական և «Դաշնակցություն» քաղաքական ուժերը կունենան այնքան քաղաքական կամք, որ Մամիկոն Ասլանյանը կհրաժարվի իր լիազորություններից և ավագանու նիստում, որին կմասնակցեն և՛ մեր, և՛ «Լուսավոր Հայաստանի», և՛ «Հայկական վերածնունդի» ավագանիները, կընտրվի նոր քաղաքապետ: Կգնա՞ այդ քայլին, ինչին ես մեծապես կասկածում եմ, որ ընտրվի նոր քաղաքապետ: Երկու լուծում կա, այլ լուծում չկա: Եվ որքան շուտ Հանրապետական կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերոջ հետ իր մեջ գտնի քաղաքական կամք ՍԴ որոշումից հետո ենթադրվող օրինական լուծումներից մեկը ընտրել, այդքան լավ իրենց համար:
-Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՍԴ որոշման հրապարակումից հետո նշել է, որ հրաժարական տալ չի պատրաստվում, և որ մինչ այժմ ավագանու ընդունած որոշումները ՍԴ այդ որոշմամբ ոչ լեգիտիմ կամ անօրինական չեն համարվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Մամիկոն Ասլանյանը, ինչպես միշտ, խորը թյուրիմացության մեջ է: Այն, որ ինքը հրաժարական տալ չի պատրաստվում, ենթադրելի է, բայց այն, որ ՍԴ որոշումը չի ենթադրում, որ ավագանու նիստերը եղել են ոչ իրավազոր և որոշումները՝ ոչ իրավազոր, ապա այստեղ, կարծում եմ, պարոն Ասլանյանը լուրջ իրավաբանական «լիկբեզ»-ի կարիք ունի:
-ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար, Վանաձորից ընտրված պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն էլ, անդրադառնալով ՍԴ որոշումից հետո ստեղծված իրավիճակին, նշել է, որ նոր ընտրությունների անցկացում չի ենթադրվում:
-Վահրամ Բաղդասարյանը ևս որևէ իրավասություն չունի: Մեզանից որևէ մեկը, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանը, այդ թվում՝ Մամիկոն Ասլանյանը, չունի որևէ իրավասություն մեկնաբանելու ՍԴ որոշումը, իսկ ՍԴ որոշումը շատ հստակ էր՝ նիստերը իրավազոր չէին, որը ենթադրում է, որ ոչ իրավազոր նիստերում ընդունված որոշումները նույնպես իրավազոր չեն: Չի կարող ոչ իրավազոր նիստերում ընդունված որոշումը լինել իրավազոր, սա կլիներ իրավաբանական «նոնսենս»:
-Եթե Վանաձորի ավագանիում ներկայացված մյուս ուժը՝ «Հայկական վերածնունդը» որոշում կայացնի գնալու նիստի, այսպիսով՝ քվորում ապահովելու խնդիրը լուծվի, և նիստերը կդառնան իրավազոր, ԲՀԿ-ն շարունակելո՞ւ է բոյկոտել:
-Ես չգիտեմ՝ ով կգնա ավագանու նիստը իրավազոր դարձնելու ճանապարհով, ով չի գնա, բայց «Բարգավաճ Հայաստանն» իր հստակ դիրքորոշումը ասել է՝ այս ավագանու նիստերին ԲՀԿ-ն չի մասնակցելու:
-Իսկ ընդդիմադիր մյուս գործընկների մասով, փաստորեն, ամեն դեպքում կասկածներ ունեք:
-Ես «Լուսավոր Հայաստան»ի մասով կասկած չունեմ, որովհետև իրենք հստակ իրենց դիրքորոշումը հայտնել են, իսկ «Հայկական վերածնունդը», որքան տեղյակ եմ, դեռևս հստակ իր որոշումը չի ներկայացրել, ճիշտ կլինի դիմեք իրենց: