Շատ հավանական է, որ պետության ստացած 450 միլիոն դոլարի դրամաշնորհների մեծ մասը թերի են կատարված. Վ. Հոկտանյան
Շատ հավանական եմ համարում, որ պետության ստացած 450 միլիոն դոլարի դրամաշնորհների մեծ մասը թերի են կատարված՝ հաշվի առնելով բազմաթիվ օրինակներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նա նշում է, որ ուղղակիորեն այս 450 մլն դոլարի նպատակային ծախսման վերաբերյալ ԹԻ-ն հետազոտություն չի իրականացրել, քանի որ դրա համար պահանջվում են լուրջ միջոցներ: Փոխարենը Վարուժան Հոկտանյանը նշեց մի քանի մասնավոր դեպքեր, որոնք ապացուցում են, որ ստացված դրամաշնորհները մասամբ են իրականացվել:
«Եվրամիության բազմասեկտոր բյուջետային աջակցության ծրագիր էր իրականացնում: Ժամանակին հետևել ենք այս ծրագրին, ինչ-որ տեղ նաև ներգրավված ենք եղել 2014-2016 թթ.-ին: Մենք ոչ թե նայում էինք, թե որքան գումար է փոխանցվել, այլ նայում ենք այն, թե Հայաստանը բավարարել է ԵՄ պայմանները, թե ոչ: Արդյունքում, այս պարտավորությունները մասամբ էին կատարված, նորմալ կատարված չէր»,- ասաց նա:
Նրա տեղեկացմամբ՝ կառավարությունը, ըստ ստանձնած պարտավորություններից մեկի, պետք է E-gov.am կայքում տեղադրեր Վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր որոշումները և թե հայտնաբերված թերություններն ինչ չափով են կատարվել: Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ տվյալ էջը ստեղծվել էր, բայց կառավարությունն իր աշխատանքը շատ անփույթ էր կատարել՝ ՎՊ-ի որոշումների մի մասն էր հրապարակվել, ինչպես նաև չկային թերությունների վերացման ժամկետները:
«Մյուսը հետազոտությունը կապված էր գնումների հետ, որտեղ նույնպես կային թերություններ: Մեկ անձից գնումների որոշակի տոկոսը սահմանված էր, բայց մենք տեսնում էինք, որ մեկ անձից արված գնումների ծավալը չէր փոքրանում կամ բավարար չափով չէր նվազում: Մոտավորապես այսպիսի խնդիրներ էին»,- հայտնեց նա:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հետազոտությունն էր իրականացրել, ըստ որի՝ 2008-2014 թթ. ընթացքում պետությունը տարբեր երկրներից ու կազմակերպություններից ստացել է 450 միլիոն դոլարի դրամաշնորհ: ՀՀ կառավարությունը վերջին 8 տարիներին գրանտներ ու գույք է ստացել Ճապոնիայից, Եվրոպական կառույցներից ու ԱՄՆ-ից: Մասնավորապես, Ատոմակայանը $120 մլն է ստացել, ՄԻՊ-ը՝ $1 մլն, Արդարադատության նախարարությունը՝ մոտ $25 մլն, ԱՎԾՆ-ն՝ $2 մլն (անգամ մարդահամարը գրանտով է արվել), ԱԻՆ-ը՝ $10 մլն, Բնապահպանության նախարարությունը՝ $40 մլն, Առողջապահության նախարարությունը՝ $4,2 մլն, Մշակույթի նախարարությունը՝ $2 մլն։ Գյուղատնտեսության նախարարությունը ստացել է գրեթե $8 մլն, ոստիկանությունը միայն ԱՄՆ-ից ստացել է ավելի քան $5,5 մլն-ի գույք, իսկ Պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից ստացել է $36 մլն-ի գույք: Ազգային ժողովն էլ $1,5 մլն-ի գրանտ է ստացել Հարավային Կորեայից:
«Կարելի է նայել ավելի ոչ ուղղակի գործոնները, օրինակ` բավականին գումար հատկացվեց դատաիրավական բարեփոխումների իրականացման համար: Հիմա, եթե ճիշտը խոսենք, արդյո՞ք դրա արդյունքում մենք ունենք անկախ դատական համակարգ»,- նկատեց Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններին նույնպես բավականին շատ գումար է հատկացվել ԵԱՀԿ-ի կողմից, բայց տարբեր բողոքի ցույցերի ժամանակ՝ «Էլեկտրիկ Երևան», ՊՊԾ գնդի գրավման ժամանակահատվածում, ընտրությունների ընթացքում, ոստիկաններն իրենց ոչ ադեկվատ պահեցին ցուցարարների նկատմամբ:
«Այն, ինչը տեղի ունեցավ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ժամանակ, իրեն ինչպես էր պահում ոստիկանությունը, ցույց է տալիս, որ կարևոր պահերին նրանք չէին գործում այնպես, ինչպես ենթադրվում էր դրամաշնորհը ստանալուց հետո»,- նշեց Վարուժան Հոկտանյանը: