Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ. Ադրբեջանի` ԼՂ հետ միասին ԵԱՏՄ անդամ դառնալը կմնա միայն ցանկություն. ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ադրբեջանը կարող է շատ բան ցանկանալ, առավելապաշտությամբ տառապել, բայց ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը՝ անդրադառնալով այն կարծիքներին, որ Ադրբեջանը ուզում է ԵԱՏՄ անդամ դառնալ Լեռնային Ղարաբաղի հետ միասին:
«Հելսինկյան ակտերով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքով Արցախը հռչակել է իր անկախությունը: Արցախն ունի սահման, ունի պետություն, ատրիբուտիկաներ և որևէ պայման դնել, մանավանդ ավելի ուժեղ կառույցի առջև, կարծում եմ՝ դա ընդամենը ցանկությունների շրջանակում է»,- նշեց պատգամավորը:
Ռուդիկ Հյուսնունցի խոսքով՝ Բաքվում շատ լավ հասկանում են, որ Արցախն այլևս չի կարող Ադրբեջանի մաս դառնալ: Ըստ նրա՝ Արցախի հարցը առաջ քաշելով Ադրբեջանի իշխանությունները ուղղակի փորձում են իրենց քաղաքական իշխանությունը պահելու և երկարացնել:
«Աշխարհը գիտի, որ Արցախը միատարր հայկական բնակավայր է և քրիստոնեական արժեքների վրա հիմնված: Դարերով հայերը ապրել են այստեղ և այդ երկիրը Հայաստան է, հայկական է և վերջ: Ինձ թվում է սրանք ուղղակի Ադրբեջանի ջղաձիգ վերջին քայլերն են: Իրենք իրենց սրտի խորքում, քաղաքական մտքի մեջ, իրենք իրենց մեջ, որ խոսում են, գիտեն, որ այլևս անդառնալիորեն Արցախը կորսված է իրենց համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի քաղաքական փորձագետ Մոդեստ Կոլերովը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ Ադրբեջանն ուզում է ԵԱՏՄ անդամ դառնալ ԼՂ հետ միասին: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը ուզում է սակարկության մեջ մտնել Ռուսաստանի հետ և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դիմաց Ռուսաստանից աջակցություն ստանալ Արցախի հիմնախնդրում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանը կողջուներ Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցումը:
Արցախցի պատգամավորը համոզված է, որ Ադրբեջանի շանտաժները Ռուսաստանի վրա չեն ազդելու: Հարցին, թե հնարավոր է, որ ՌԴ-ն իր արտաքին քաղաքական դիրքորոշումը փոխի Արցախի նկատմամբ Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո, Ռուդիկ Հյուսնունցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ համաձայնեցված չէ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման քայլը: Հայաստանն այսօր շատ ավելի բարվոք վիճակի մեջ է հայտնվել: Այժմ մենք պետք է մեր միասնությամբ, մեր համատեղ ջանքերով կարողանանք առավելագույնս օգուտ ստանալ՝ թե Արցախի ճանաչման խնդիրն առաջ տանելու, թե մեր երկրի տնտեսությունը զարգացնելու հարցում»,- նշեց
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախի վերաբերող կետերին, համաձայնագրով նրան անվտանգության երաշխիքներ տալուն, ԼՂՀ ԱԺ պատգամավորը նշեց. «Անվտանգությունը ոչ թե թղթերի վրա որևէ բանաձև ընդունելով է պաշտպանվում, այլ պաշտպանվում է սահմանին կանգնած մեր քաջարի զինվորների, սպաների շնորհիվ: Մենք ունենք Սևրի պայմանագիր, որը մնացել է թղթի վրա: Թղթային մասը դնենք մի կողմ, մենք պետք է պրագմատիկ նայենք կյանքին և իմանանք, որ եթե երկրի վրա ապրում են մարդիկ, այդտեղ բնակչություն կա, ապա այդ երկրի անկախության ճանաչելիությունը ժամանակի հարց է»:
Ըստ նրա՝ «թղթերով իրար աչքալուսանք տալը ճանապարհ չէ»: Արցախն այժմ բնակչությունը ավելացնելու, համերկրացիներ վերադարձնելու առաջնային խնդիր ունի:
«Մենք Արցախը շատ վաղուց պետք է սարքեինք Կոսովոյի նման 2 մլն, որպեսզի այս հարցը վերջնականապես լուծվեր: Համայն հայության ուժերով մենք պետք է շենացնենք Արցախը, զարգացնենք մեր տնտեսությունը, կարծում եմ՝ սա է մեր այսօրվա անելիքը»,- նկատեց Ռուդիկ Հյուսնունցը: