Բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանների վրա ծծմբաթթու լցնելու գործով շարժ չկա, սառնարանները 15 օր առաջ նորից են փչացել
Բանան ներկրող գործարար Վահրամ Միրաքյանին պատկանող «Տրոպիկա»- ի սառնարանների ճնշակների (կոմպրեսորների) վրա ծծմբաթթու լցնելու փաստով հարուցված քրեական գործով որևէ տեղաշարժ չկա. ժամանակ առ ժամանակ Վահրամ Միրաքյանին Քննչական կոմիտե են հրավիրում, փաստաթղթերի ծանոթանում, ստորագրում, հեռանում:
Այս մասին Tert.am-ին հայտնած գործարարն ասաց, որ, որքանով տեղյակ է, որևէ կասկածյալ չի հայտնվել: Հարցին, էլ թե հավատո՞ւմ է, որ գործը կբացահայտվի, Վահրամ Միրաքյանն ասաց.«Ճիշտն ասած, ոստիկանական համակարգի հետ գործ ունենալու փորձ չեմ ունեցել, բայց հույս չի ներշնչում քննիչների պահվածքը: Այն առումով, որ իրենք էլ չեն հավատում, որ կգտնեն»:
Նա նորից ասաց, որ երբ իրեն հարցրել են, թե կասկածո՞ւմ է, որևէ մեկին ասել է, որ ոչ, քանի որ փաստեր չունի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի գիշերը վնասել էին բանան ներկրող գործարարին պատկանող սառնարանները, և ինչպես այն ժամանակ տեղեկացրել էր գործարարը՝ եթե գիշերը սառնարաններն անջատված լինեին, ապա 20-30 տոննա բանանը կփչանար:
«Չգիտեմ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Մի բան հստակ գիտեմ, ով արել է, ցանկացել է վատություն անի, մեր գործունեությանը վնասի: Լավ իմացել են՝ ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլոտան»,-այն ժամանակ կատարվածը մեկնաբանել էր գործարարը:
Նա նշեց, որ մոտ 15 օր առաջ սառնարանների խողովակները ծակվել էին, օզոնը թափվել էր: Մասնագետ էին կանչել, որն էլ վերանորոգել էր խողովակները: