Կառավարության նոր թիմում 4 ընկերով սրճարանում ծրագրեր են մոգոնում ու իրականացնում, «սանէպիդկայանների» օպտիմալացումը դրանցից մեկն է. Մ. Արիստակեսյան
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները տեղեկացվել են, որ օպտիմալացման ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսից այլևս աշխատանքի չեն գնա:
Tert.am-ի հետ զրույցում կենտրոնի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ Երևանի 4 տարածքային կենտրոններից կմնա միայն մեկը, արդյունքում` շուրջ 180 աշխատողից՝ թողնելով 50-ից 60–ին: «Տեղեկացրել են, որ լուծարվում է հիմնարկը, նոր պայմանագրեր էլ կկնքվեն, բայց ոչ բոլորի հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպվում են: Ըստ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ որոշումը պայմանավորված է գիտահետազոտական ինստիտուտի ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:
Նախարարությունից, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից չհաջողվեց պարզաբանում ստանալ, թե կոնկրետ քանի աշխատակից կկրճատվի այս որոշման արդյունքում, և թե հնարավոր համաճարակի դեպքում որքանո՞վ է հնարավոր մնացած աշխատակիցներով խնդրին լուծում տալ:
«Նոր թիմի 4 ընկերներն իրար հետ սրճարանում մոգոնում են ծրագրեր և գալիս իրականացնում են, «սանէպիդկայանների» օպտիմալացման ծրագիրն էլ դրանցից մեկն է»,- Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Առողջապահության ոլորտի փորձագետ Մովսես Արիստակեսյանը:
«Ես ոչինչ չեմ կարող ասել, թե իրենք ինչ հաշվարկներ են արել, քանի որ ոչ թափանցիկ են գործում: Իրենք իրենց 4 ընկերներով նստած, կաբինետում էլ չէ, այլ սրճարանում, որոշում են ինչ պետք է անեն ու անում են, անգամ մասնագետների կարծիքը, նախարարության աշխատողների կարծիքը չեն ուզում լսել»,-ասաց նա և նշեց, թե վստահ է, որ նախարարություններին կից հասարակական խորհուրդներում հարցը չի քննարկվել:
«Պետությունը փող չունի, դեֆոլտի առաջ է կանգնած, իբրև թե հանձնարարություններ տվեցին մեքենաների կրճատման, հետո անցան ՊՈԱԿ-ների կրճատման, հիմա էլ ֆեդերալ կառույցներն են կրճատում: Օպտիմալացման կեղծ լոզունգի տակ իրականացվում է բնակչության կարիքները հոգալու ուղղությամբ իրենց առաքելությամբ կարևոր կառույցների քանդման քաղաքականություն»,-ասաց Արիստակեսյանը:
Ըստ նրա՝ սոցիալական նախարարությունները՝ ի դեմս Առողջապահության, Սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, խախտում են ՀՀ Սահմանադրության նորմն այն մասին, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է:
«Իրենք իրենց գործողություններով զբաղվում են հակասոցիալական քաղաքականությամբ, ընդ որում՝ հակասոցիալական քաղաքականությամբ նրանք ոտնահարում են ՀՀ քաղաքացիների իրավունքները և ազատությունները, որոնք սահմանված են ինչպես Մարդու իրավունքների հռչակագրով, այնպես էլ մեր Սահմանադրությամբ:
«Առողջապահության նախարարության այս որոշումը ևս սրա շղթան է. սանիտարական հիգիենիկ ծառայությունը շատ կարևոր պետական նպատակային առողջապահական ծրագիր է և պետք է ասել, որ անկախության տարիների առաջին օրենքը հենց դրա մասին էր:
Կարևորելով սանիտարահիգիենիկ համաճարակային վերահսկման կարևորությունը հանրապետությունում` «Բժշկական օգնության մասին» օրենքից առաջ դա ընդունվեց, որպեսզի ստեղծվի ֆեդերալ լավ համակարգ, որը հստակ հսկողություն կտա թե՛ արտադրության, թե՛ ներմուծման, թե՛ կենցաղավարության մեջ, որպեսզի համաճարակներ երկրում չլինեն:Հիմա այդ համակարգը որպես լավ փորձ քանդում են, թե ինչպես են քանդում, ինչ հիմնավորմամբ՝ տեղյակ չեմ, որովհետև գործում են ոչ հրապարակային»,-ասաց նա: