Էրդողանի խնդիրը չէ ԼՂ հարցը քննարկել Պուտինի հետ, դրա համար կա Մինսկի խումբ և ՀՀ ԱԳՆ-ն նրանց հանդիպումից առաջ պետք է հայտարարի դրա մասին. թուրքագետ
Ռուս-թուրքական հարաբերություններում մերձեցում է նկատվում: Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ նշելով, որ նախկին հարաբերությունների ծավալը չի վերականգնվել, բայց դրական միտում նկատվում է:
«Թուրքական մի շարք ապրանքների մուտքի արգելքը Ռուսաստան դեռ մնում է, զբոսաշրջությունը չի վերականգնվել, բայց կողմերը մերձենալու քայլեր են նախաձեռնում: Պատճառը՝ ոչ այնքան ՌԴ ու Թուրքիայի ցանկությունն է, այլ՝ Թուրքիա-ԱՄՆ մերձեցումը թույլ չտալու Ռուսաստանի ձգտումն է: ՌԴ-ն ուզում է, որ, քանի դեռ Թուրքիան ու ԱՄՆ-ն լարված հարաբերություններ ունեն, Թուրքիային վերջնականապես հեռացնի ԱՄՆ-ից»,- նշեց Հակոբ Չաքրյանը:
Միաժամանակ, թուրքագետն ասաց, որ տեսնելով Ռուսաստանի այս ձգտումը, Թուրքիան մանևրում է ՌԴ ու ԱՄՆ միջև, փորձում է ԱՄՆ հետ լարված հարաբերությունները կոմպենսացնել Ռուսաստանի հետ հարաբերություններով:
Խոսելով սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մասին, Հակոբ Չաքրյանն ասաց, որ Պուտինն ու Էրդողանը հավանաբար կքննարկեն մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ:
Ինչ վերաբերում է նրան, թե ռուս-թուրքական հարաբերություններն ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա, ապա թուրքագետն ասաց, որ եթե Ռուսաստանն իրեն ամեն դեպքում պահի դաշնակցի պես, ապա ռուս-թուրքական մերձեցումից մենք չենք տուժի, բայց եթե Ռուսաստանն իրեն դաշնակցի պես չպահի՝ մեզ համար վտանգավոր իրավիճակ կլինի:
«Ես ամեն դեպքում չեմ կարծում, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնի մեր հաշվին և մենք դրանից տուժենք, որովհետև մի մոռացեք, որ Հայաստանում է Ռուսաստանի ռազմական բազան: Նրանք հաշվի կնստեն այս հանգամանքի հետ, չէ՞որ հենց ՀՀ միջոցով է ապահովվում Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում»,- հավելեց թուրքագետը:
Հակոբ Չաքրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիան միշտ Ռուսաստանի հետ հանդիպման օրակարգում պահում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը և 2009թ.-ին, օրինակ թուրքական իշխանությունները Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարեցին, որ հարցը քննարկվելու է:
«Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ Հայաստանի վրա ճնշում կգործադրվի ու Հայաստանը զիջումների կգնա: Սեպտեմբերի 28-ի հանդիպման ժամանակ էլ կարծում եմ, որ հարցը քննարկվելու է Պուտինի ու Էրդողանի միջև: Ակնհայտ է, որ Էրդողանն այդ հարցը քննարկելու առիթը բաց չի թողնի:
Հայաստանը գոնե արտաքին գերատեսչության մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի սրա վերաբերյալ, հայտարարեն, որ Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստան-Թուրքիա հանդիպման ձևաչափով քննարկվելիք հարցը չէ, որ գոյություն ունի հարցի քննարկման լիազորված մանդատ ունեցող կառույց՝ Մինսկի խումբը և որևէ այլ հարթակում հարցը չպետք է քննարկվի: Եթե Հայաստանը նման հայտարարություն անի, դա չի նշանակի շեղում միջազգային պարտավորություններից կամ սկզբունքներից»,- շեշտեց Հակոբ Չաքրյանը:
Բայց Հայաստանի իշխանությունները, մասնավորապես՝ ԱԳՆ-ն, ըստ թուրքագետի, ոչ միայն լռում են այս հարցում, այլև՝ մի շարք այլ կարևոր հարցերում, ինչպես օրինակ Իրաքի քրդերի անկախացման հանրաքվեի վերաբերյալ: Նա չհամաձայնեց այն կարծիքների հետ, որ ՀՀ ԱԳՆ լռությունը չեզոքության արտահայտում է, դա, ըստ թուրքագետի՝ ճղճիմություն է:
«Չասել, որ Պուտինն ու Էրդողանը իրենց հանդիպման ժամանակ չպետք է խոսել Ղարաբաղի մասին, ճիշտ չէ: Էրդողանի խնդիրը չէ Ղարաբաղի հարցը քննարկելը, կա Մինսկի խումբ: Մեր լռությունը մեր դեմ է աշխատում ու միշտ աշխատել է»,- շեշտեց թուրքագետը: