Պետք է ՌԴ-ին` որպես դաշնակցի, քայլերիդ մասին տեղեկացնես, բայց տեղեկացնելը թույլտվություն վերցնելը չէ. ռազմական փորձագետը՝ հայ-ռուսական համաձայնագրի մասին
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված սպառազինությունների մատակարարման մասին համաձայնագիրը համապատասխանում է սպառազինությունների վերահսկման միջազգային նորմերին: Նա, սակայն, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նկատելի է, որ այսօրվա փոփոխական աշխարհում, երբեմն հաշվի առնելով քաղաքական շահերն ու տարածաշրջանային խնդիրները, սահմանված նորմերն ու մեթոդիկաները փոխվում են, և շատ դեպքերում համապատասխանեցվում են երկրների շահերին:
«Մարդկության պատմությունը` հատկապես վերջին տարիների ռազմաքաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ շեղումներ համաձայնագրերից լինում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2016թ․հոկտեմբերի 13-ին Երևանում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագիրը, որը կքննարկվի ԱԺ-ի առաջիկա նստաշրջաններում: Համաձայնագրի շուրջ կան մտահոգություններ․ փորձագիտական դաշտը կարծում է, որ հայաստանյան Զինված ուժերը նշված համաձայնագրով հայտնվում են ՌԴ պաշտպանության վերահսկողության ներքո:
Արթուր Եղիազարյանը` անդրադառնալով այն մտահոգություններին, որ Հայաստանը գուցե չկարողանա անհրաժեշտության դեպքում կիրառել ՌԴ-ից գնած «Իսկանդերը»՝ Ռուսաստանի թույլ չտալու պատճառով, նշեց․ «Վերջիվերջո, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը կարող էր այդ զենքը չտալ: Նա գիտեր մեզ և մեր հակառակորդներին, և գիտեր, թե որտեղ կարող ենք կիրառել այն: Չեմ կարծում, որ այստեղ մենք խնդիր ունենք: Ավելի հեշտ կլիներ, որ նրանք չտային, եթե սկզբունքային դեմ էին, որ այն կիրառվեր մեր հակառակորդների դեմ»:
Ռազմական փորձագետը` խոսելով հայ-ռուսական ռազմական համագործակցության խնդիրների մասին, նկատեց, որ այնուամենայնիվ ռուսական կողմը չի շարժվում համաձայնագրի կետերով: Նա մատնանշեց՝ որ ռուսական կողմը գոնե իր քաղաքական աջակցությունը չի ցուցաբերում այն դեպքում, երբ Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմանների վրա: «Եթե Արցախի Հանրապետությունը դիտում են որպես Հայաստանից դուրս և չեն միջամտում, ապա անհասկանալի է, թե ինչու լուրջ միջամտություն չի նկատվում, երբ ադրբեջանական զինուժը կրակ է բաց թողնում Հայաստանի սահմանամերձ, օրինակ՝ Տավուշի մարզի բնակավայրերի վրա»,- ասաց նա:
Արթուր Եղիազարյանը նկատեց նաև, որ Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրերով չի նախատեսվում, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի թույլտվությունն ունենա իր քայլերն անելուց առաջ: «Բայց նրբություններ կան, որ որպես դաշնակից պետք է քայլերիդ մասին նրան տեղեկացնես, որ նրանց վերադասավորումներն էլ ճիշտ լինեն: Մի՛ մոռացեք, որ Ռուսաստանը ոչ միայն մեր դաշնակիցն է, այլ նաև իրենք մեզ մոտ իրենց ռազմական ներկայությունն ունեն․ այստեղ Ռուսաստանը ռազմաբազա ունի: Դրա համար նրանց պետք է մեր գործողությունների մասին տեղեկացնենք, բայց տեղեկացնելը չի նշանակում թույլտվություն վերցնել: Մեր խնդիրը մենք ենք լուծում»,- նշեց նա:
Անդրադառնալով այն մտահոգություններին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցությունը վերահսկողություն է սահմանելու Հայաստանից Արցախին տրամադրվող զինամթերքի վրա, Արթուր Եղիազարյանը նշեց․ «Ռուսաստանից Հայաստան մատակարարվող ռազմատեխնիկան հայաստանյան զինամթերքի միայն մի մասն է։ Հետևաբար, երբ Արցախում ռազմական աջակցության խնդիր լինի, պարտադիր չէ դիտարկել, որ Ռուսաստանից վարկով ձեռք բերված զինամթերքն է տրամադրվելու: Եթե համաձայնագրով խիստ ամրագրվի, այդ զենքն Արցախ չպետք է տանել, մենք այլ տեղից ձեռք բերված զինամթերքը կտանք Արցախին: Բացի դրանից`Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ամրագրել է դիրքորոշում, որ եթե Ադրբեջանը հերթական անգամ, ինչպիսին ապրիլին էր, սպառնա Արցախին, ապա Հայաստանը ոչ միայն կարող է ռազմական դաշինք կնքել Արցախի հետ, այլ նաև որպես դաշնակից անկախ ճանաչել Արցախը, իսկ Արցախն էլ հայտարարի Հայաստանին միանալու մասին: Դա կփոխի ամբողջ պատկերը, և ոչ մի պայմանագրային խախտում չի լինի»:
Ռազմական փորձագետը համաձայնեց՝ իհարկե, Ռուսաստանը ցանկանում և փորձում է իր վերահսկողությունը հաստատել Հայաստանի վրա: «Այն կայսրություն է` իր կայսերական նպատակներով: Ցանկանում է իր ազդեցությունը տարածել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սիրիայում, Թուրքիայում: Հասկանալի է, որ նա չի հրաժարվել իր Արևելյան քաղաքականությունից։ Այդ առումով, որքան իր համար վերահսկելի, կանխատեսելի լինի ամեն ինչ, այնքան հեշտությամբ նա կարող է իր խնդիրները լուծել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշել էր, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ է սահմանում, այսինքն՝ մենք էլ կարող ենք վերահսկել ՀՀ-ից ՌԴ մատակարարվող ռազմամթերքի կիրառումը, Արթուր Եղիազարյանը պատասխանեց․ «Մեզ համար, այնուամենայնիվ, միանգամայն հասկանալի է, որ այս պարագայում Հայաստանն է զենք ստանում Ռուսաստանից, ինչպես էլ արտաքնապես հնչի, ինչպես էլ համաձայնագրում գրվի»: