Տրիկոտաժի գործարանում քնե՞մ. «Ծառուկյան» դաշինքի մարզից ընտրված պատգամավորը հաստատում է` Երևանում տան վարձակալության համար ԱԺ –ից գումար է ուզել
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Լոռու նախկին փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը ապրում է շարքային ՀՀ քաղաքացու նման և ունի նույն կարիքները, դեռ մի բան էլ ավելին:
«Բոլոր ժողովուրդն էլ գիտի՝ իմ վիճակն ինչ է, ես հարուստ չեմ: Իմ կյանքի որակը ժողովուրդը գիտի: Իմ ընտրողները գիտեն, որ ես սովորական ժողովրդին հավասար կյանքի որակ ունեմ: Նույնիսկ ավելի վատ»,-Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Վանիկ Ասատրյանը՝ չհերքելով, որ մարզից ընտրված պատգամավոր լինելով ու Երևանում բնակվելու խնդիր ունենալով, դիմում է գրել ԱԺ աշխատակազմ՝ իրեն մայրաքաղաքում բնակարան վարձակալելու համար 100 հազար դրամ տրամադրելու համար:
«Ես Սպիտակում եմ ապրում, ամեն օր չեմ կարող գնալ-գալ Երևան և իմ իրավունքներից, այո, օգտվել եմ, դիմում եմ գրել»,- ասաց նախկին փոխմարզպետը:
Ի պատասխան հարցին` բայց չէ, որ Սպիտակի տրիկոտաժի գործարանի սեփականատերն է, վերջինս ասաց. «Կարո՞ղ է՝ տրիկոտաժի գործարանում քնեմ»:
Նա նաև ավելացրեց, որ նշված գործարանն արդեն 8-րդ տարին է՝ չի աշխատում:
«Ու ոչ մի միջոց էլ չունեմ ես, այո, գրել եմ և ուզում եմ օգտվել»:
Հարցին էլ, թե, ամեն դեպքում, բարոյապես ճի՞շտ է համարում, որ աղքատության 30 տոկոսին մոտ մակարդակ ունեցող երկրում, հատկապես, այս՝ գոտիները ձգելու քաղաքականության պարագայում, անշարժ թանկարժեք գույքի բազում սեփականատեր ու բարձր աշխատավարձ ստացող պատգամավորները պետությունից նման գումարներ են ստանում (օրենքի շրջանակներում), վերջինս ասաց. «Իսկ, որ մարդ 8 տարի չաշխատի, ու ոչ մի եկամուտ չլինի՞»:
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ էր դիմել է ր ԱԺ ղեկավարությանը, որպեսզի ԱԺ-ն փոխհատուցի Երևանում վարձակալած իր բնակարանի գումարը, և հարցին, թե մայրաքաղաքում տուն չունե՞ք, պատգամավորն ասել էր. «Չէ, ցավոք սրտի: Ես օլիգարխ չեմ»:
Վանիկ Ասատրյանն էլ համաձայնեց, որ Վարդան Ղուկասյանն օլիգարխ չէ` ավելացնելով. «Օլիգարխը տիտու՞լ է, թե՞ ինչ է ... »:
Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի բնակարաններին՝ «Հայկական ժամանակը» նշել էր, որ նա Գյումրու սկանդալներով ամենահայտնի «Սլաբոդկա» կոչվող թաղամասում ունի շքեղ երկհարկանի առանձնատուն»:
Հայտնի է, որ նման դիմում գրել է նաև նույն խմբակցության անդամ, Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, 2 ՀԷԿ-ի սեփականատեր Վարդևան Գրիգորյանը:
Մեր տեղեկություններով՝ նման դիմում է գրել է, նաև խմբակցության մեկ այլ անդամ՝ Արայիկ Աղաբաբյանը։ Վերջինս, սակայն, հերքեց՝ ասելով, որ նման դիմում չի գրել:
Նշենք, որ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Tert.am –ի հարցմանն ի պատասխան ներկայացնելու է ԱԺ մարզից ընտրված այն պատգամավորների ցանկը, որոնք ԱԺ են դիմել՝ իրենց վարձակալության գումարները փոխհատուցելու համար: