Հարցումների էլեկտրոնային բազա ստեղծելու գաղափարը լավն է, բայց ոչ արդյունավետ. կարծիքներ
Իրավապաշտպանները դժվարանում են առայժմ ասել, թե տեղեկատվական հարցումների էլեկտրոնային՝ առցանց բազա ստեղծելու արդարադատության նախարարության գաղափարն ինչ արդյունքներ ու ինչ հետևանքներ կունենա:
Tert.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հորդորեց սպասել՝ նշելով, որ առաջարկը դեռևս շատ նախնական փուլում է:
«Եկեք սպասենք, տեսնենք՝ կստեղծվի, թե ոչ: Բայց ասեմ, որ գաղափարը վատ գաղափար չէ: Խնդիրն այն է՝ որքանով այն կօգտագործվի հանրության կողմից, որքանով կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի գործին»,- ասաց Վ. Հոկտանյանը:
Ըստ նրա՝ եթե առաջարկը կյանքի կոչվի, ակտիվ գործի, քաղաքացիներն օգտվեն դրանից, լավ կլինի, բայց դրա համար հարկավոր է քաղաքացիների ցանկությունը, «քաղաքացին լուրջ կընդունի իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարը»:
Ըստ նրա՝ եթե առաջարկը կյանքի կոչվի, ակտիվ գործի, քաղաքացիներն օգտվեն դրանից, լավ կլինի, բայց դրա համար հարկավոր է քաղաքացիների ցանկությունը, «պետք է սպասել ու տեսնել` ժողովուրդը լուրջ կընդունի՞ իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարը»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն էլ Tert.am-ին ասաց, որ ինքն, առհասարակ, թերահավատորեն է մոտենում էլեկտրոնային գործող համակարգերին, որովհետև դրանք իրենց չեն արդարացրել, արդյունավետ չեն:
«Լինում են դեպքեր, երբ անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, նրան ասում են՝ մտեք էլեկտրոնային ձեր համակարգով ստուգեք: Իհարկե, առցանց տարբերակները հեշտացնում են խնդիրը, թղթային տարբերակի հետ եթե համեմատենք, բայց կարևորը հարցումները ստանալու կամ ուղարկելու եղանակը չէ, այլ դրանց բովանդակությունը: Ինձ անհանգստացնում է այն ծավալը, խորությունը, որով պատասխանում են տեղեկատվական հարցումներին»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա՝ էլեկտրոնային համակարգը թերություններ ունի, որովհետև հնարավոր է տեխնիկական խնդիրների պատճառով քաղաքացին զրկվի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: