Մենք մեզ իմաստուն ենք պահում, կարողանում ենք ռուս-թուրքական ճգնաժամը լուծել առանց պատերազմի. Եվգենի Սատանովսկի
Ռուսաստանն ու Թուրքիան տնտեսական լուրջ հարաբերություններ ունեն, բայց նաև լուրջ տարաձայնություններ՝ առաջին հերթին Սիրիայի հարցում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով Պուտին-Էրդողան հանդիպմանը:
Նա նշեց, որ ռուս-թուրքական հարաբերություններում առկա լուրջ խնդիրները կողմերը կարողանում են լուծել: «Թուրքիան մեզ հետ լուրջ խնդիրներ ունի, որովհետև այն, ինչ ուզում է Թուրքիան, դուրս է գալիս այն սահմաններից, որոնք մեր տեսանկյունից թույլատրելի են։ Նույն Սիրիայում էլ Թուրքիան մի բան է ուզում, որը Ռուսաստանի տեսանկյունից թույլատրելի սահմանից այնկողմ է: Բայց մենք մեզ իմաստուն ենք պահում, կարողանում ենք այս հարցերը լուծել առանց պատերազմի` անգամ բարդագույն մի իրավիճակում, երբ Թուրքիան հարվածեց ռուսական ինքնաթիռին, որի արդյունքում օդաչուն մահացավ»- ասաց Եվգենի Սատանովսկին:
Ըստ արևելագետի՝ ինքնաթիռին հարվածելուց հետո ռուս-թուրքական հարաբերություններում ստեղծված ճգնաժամն իր լրջությամբ Ռուսաստան-Թուրքիա հարյուրամյա պատերազմից հետո առաջինն էր:
«Այո, Թուրքիան ու Ռուսաստանը կանգնած էին նոր պատերազմի առաջ, բայց կարողացան լուծել հարցը, իսկ մնացածը ժամանակի խնդիր է: Կարելի է անսահման խոսել՝ Թուրքիան կգտնի՞ ռուսական գազին այլընտրանք, ինչպես պնդում է Էրդողանը, ով ի դեպ, շատ էմոցիոնալ մարդ է ու շատ հաճախ պնդում է հիմար բաներ: Կարելի է անսահման քննարկել, թե ի՞նչ է լինելու թուրքական լոլիկի հարցը, արդյո՞ք դրանք Ռուսաստան են մտնում Ուզբեկստանի ու Ադրբեջանի տարածքով և այլն»,- ասաց Ե. Սատանովսկին:
Քաղաքագետը նշեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները բարդագույն փուլում են, բայց Ռուսաստանն ամեն դեպքում իրեն իմաստուն է պահում:
Խոսելով Իրաքյան Քրդստանի անկախացման հանրաքվեի և Թուրքիայի ներգրավվածության մասին` Եվգենի Սատանովսկին ասաց, որ այդ տարածաշրջանում անդադար լարվածություն կա, դա Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շարունակությունն է:
«Իրաքի քրդերը հանրաքվե կազմակերպեցին, որովհետև Թուրքիան սպառնում էր, որ եթե նման բան անեն, ապա պատասխան կտան: Եթե Իրաքի քրդական ղեկավարությունը չձեռնարկեր դա, կնշանակեր, որ վախենում են: Սա հարկավոր էր նրա համար, որ Իրաքի քրդերի ղեկավարությունն իր ժողովրդին բացատրեր, թե ինչու է ինքը լիդերը: Թեհրանը, Սիրիան, Բաղդադը, Անկարան փորձում են ու փորձելու են պատժել Իրաքի քրդերին՝ հանրաքվեի համար, բայց պետք է սպասել, տեսնենք, թե իրականում ինչ կլինի, հայտարարությունները դեռ բավարար չեն»,- ասաց Սատանովսկին:
Հարցին՝ իսկ ԱՄՆ դիրքորոշումը Ձեզ համար հասկանալի՞ է, Սատանովսկին նշեց, որ իր համար ԱՄՆ կարծիքը հետաքրքիր չէ:
«Ինձ չի հետաքրքրում ԱՄՆ դիրքորոշումը: ԱՄՆ-ից շատ քչերն են կախված: ԱՄՆ-ն ի՞նչ գործ ունի քրդական հանրաքվեի հետ: Ես հասկանում եմ ԱՄՆ հարաբերությունները Կանադայի կամ Մեքսիկայի հետ, նրանց հետ ԱՄՆ-ն սահմանակից է, բայց քրդերի հետ ի՞նչ գործ ունեն: Նույն կերպ ինձ չի հետաքրքրում քրդական հանրաքվեի վերաբերյալ Գվատեմալայի վերաբերմունքը, որն այնտեղ է, որտեղ ԱՄՆ-ն է: ԱՄՆ-ն երկար ժամանակ զինել է քրդերին, կանգնած է թե՛ Իրաքի, թե՛ իրաքյան քրդերի ղեկավարների նշանակման հետևում: Հիմա էլ նրանք Սիրիայում տեղի քրդերին են զինում, ակտիվացնում նրանց»,- մանրամասնեց Եվգենի Սատանովսկին: