Հայաստանում միայն փամփուշտ չէ, որ արտադրվում է. ռազմական փորձագետը` ՀՀ–ում ռազմական արդյունաբերության վերաբերյալ ՊՆ հայտարարության մասին
Հայաստանում արտադրվում են բազմաթիվ զինատեսակներ, այդ թվում՝ հրետանու հետախուզման, կրակի կառավարման: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առաջին քայլն է արվում ռազմական արդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձնելու առումով և տեղեկացրել, որ այս տարի ՀՀ Զինված ուժերի մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար:
Ըստ որում՝ այս միջոցները, նրա խոսքով, ոչ միայն գնային առումով ունեն մի շարք առավելություններ, այլև չունեն շուկայում իրենց անալոգները։
Հարցին` կարելի՞ է ենթադրել, որ խոսքը կապի միջոցների, թռչող անօդաչու սարքերի և ՏՏ ոլորտի այլ ապրանքատեսակների, Տարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել՝ խոսքն ինչ զինատեսակների մասին է, բայց դատելով պաշտպանության նախարարի տեղակալ - Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի, ինչպես նաև ԱՀ Պաշտպանության բանակից արվող մի շարք հայտարարություններից՝ խոսքը հայկական արտադրության տեսադիտարկման համակարգերի մասին է:
«Փաստ է, որ, ինչպես նշեցի, Հայաստանում մշակվում և արտադրվում է հրետանու կրակի կառավարման մեխանիզացված համալիր, անօդաչու թռչող սարքեր, ինչ վերաբերում է ինքնաձիգների արտադրությանը, սերիական արտադրության մասին` որպես այդպիսին, խոսք չկա, բայց որոշ մշակումներ կան` դիպուկահար հրացանների, ենթադրենք, բայց դրանցով համալրվե՞լ է հայկական զինուժը, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել», –ասաց նա։
Ռազմական փորձագետը նշեց, որ Հայաստանում իրականացվում են նաև զինտեխնիկայի վերանորոգումներ ու արդիականացումներ:
«Կրկին հղում եմ անում Դավիթ Փախչանյանին. նշեց, որ «ֆագոտ» հակատանկային համալիր է արդիականացվում, ըստ որում` ասաց, որ այս զինատեսակի արդիականացումների նկատմամբ նաև արտասահմանյան ինչ-որ գնորդներ են հետարքրքություն ցուցաբերում: Այս պահին այսքանն է հայտնի: Ամեն դեպքում, այն, որ Հայաստանում միայն փամփուշտ է արտադրվում, այդպես չէ»,-ասաց ռազմական փորձագետը: