Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

2018թ.-ից ՀՀ վարչապետը կարող է գերագույն գլխավոր հրամանատար լինել միայն պատերազմի ժամանակ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

0

2018թ.-ից կգործի Անվտանգության խորհուրդ, որը պատասխանատու կլինի երկրի պաշտպանության հայեցակարգի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Վերջինս նշեց, որ Անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը, ով երկրի առաջին դեմքն է լինելու 2018թ.-ից, իսկ Խորհրդի կազմում լինելու են այդ ժամանակվա կառավարության անդամները: Հրայր Թովմասյանն ասաց, որ Անվտանգության խորհուրդը՝ ի դեմս վարչապետի, պատասխանատու է լինելու պաշտպանության համար և, հետևաբար, օժտված է լինելու համապատասխան լիազորություններով:

-Ազգային ժողովին ներկայացրած «Պաշտպանության մասին» նոր օրենքի համատեքստում մամուլը գրում է այն մասին, որ օրենսդրորեն նվազեցվելու են պաշտպանության և անվտանգության ոլորտներում վարչապետի լիազորությունները, որոնք սահմանված են 2018թ.-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը: Նման բան նախատեսվո՞ւմ է:

- Նման բան չի կարող նախատեսվել: «Պաշտպանության մասին» օրենքն այն օրենքը չէ, որը պետք է կարգավորի այդ հարաբերությունները, որովհետև դրանք կարգավորվելու են «Անվտանգության խորհրդի մասին» օրենքով, որը պետք է ընդունված լինի մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը: «Անվտանգության խորհրդի մասին» օրենքով սահմանվելու են դրա ձևավորման կարգն ու լիազորությունները: Հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է: Խոսքը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների մասին է, ոչ թե ընդհանրապես անվտանգության մասին: Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքի վրա, որ Անվտանգության խորհրդի ղեկավարն ի պաշտոնե վարչապետն է: Այս մոդելը դրված է Սահմանադրության հիմքում, այնպես որ այս հարցերը չեն կարող վարչապետի լիազորություններից դուրս լինել:

Պետք է հաշվի առնել նաև այն, որ հիմնական քաղաքականությունը որոշելու հետ կապված շատ ու շատ դրույթներ միս ու արյուն են ստանալու կառավարության որոշումներով, օրենքներով, վարչապետի կոնկրետ հանձնարարականներով: Այնպես իրավական որևէ հիմք չկա մտածելու, որ պաշտպանության ոլորտը դուրս է լինելու վարչապետի լիազորություններից: Վարչապետը՝ որպես բարձրագույն գործադիր իշխանության ղեկավար, նույնքան պատասխանատու է լինելու ինչպես գյուղատնտեսության, առողջապահության, այնպես էլ պաշտպանության համար: Պարզապես հաշվի առնելով պաշտպանության ոլորտի առանձնահատկությունները՝ Սահմանադրությունը սահմանում է մասնագիտացված մեկ մարմնի ստեղծում, որը պետք է որոշի պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:

- Այն լիազորությունները, որն այսօր ունի պետության գլուխը՝ նախագահը, ունենալո՞ւ է արդյոք 2018թ.-ից հետո վարչապետը, ով լինելու է պետության առաջին դեմքը: Վարչապե՞տն է լինելու գերագույն գլխավոր հրամանատար:

- Նման զուգահեռներ, կարծում եմ, չի կարելի անցկացնել, որովհետև իրավիճակը մի փոքր այլ է: Այսօր լիազորությունները երկփեղկված են. անվտանգության, արտաքին քաղաքականության, պաշտպանության ոլորտներում ՀՀ նախագահը քաղաքականությունն իրականացնում է կառավարության հետ միասին: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոսվում էր այս մասին, թե ով է որոշումներ կայացնելու, եթե նախագահն ու այս ոլորտները ներկայացնող նախարարները լինեն քաղաքական տարբեր ուժերից: Ասել, որ հիմա ամբողջը կենտրոնանալու է վարչապետի ձեռքում, չի կարելի, որովհետև «Պաշտպանության մասին» օրենքը տարբերակված մոտեցումներ է ցույց տալիս, թե յուրաքանչյուրն ինչպիսի լիազորություններ ունի: Խաղաղ պայմաններում, եթե ՀՀ նախագահը գերագույն գլխավոր հրամանատար էր, ապա վարչապետը կարող է այդպիսին լինել միայն պատերազմի ժամանակ: Մեխանիկական համեմատումը, թե ներկայիս նախագահի ամբողջ լիազորություններն անցնելու են վարչապետին, այդքան էլ տեղին չէ: Նախագահի լիազորությունները զրոյացված են պաշտպանության ոլորտում, փոքր են՝ նշանակումներ, կոչումներ, պաշտպանության ոլորտում պատասխանատուն լինելու է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ:

- Փաստորեն, պատերազմի ժամանակ որոշումներ կայացնելու է վարչապետը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, իսկ խաղաղ պայմաններում՝ դա կատարվելու է համատեղ: Ճի՞շտ եմ:

- Պետք է կոնկրետացնել՝ խաղաղ ժամանակ ինչի՞ վերաբերյալ որոշումներ կայացնել: Սահմանադրությունը մանրամասնում է, հստակեցնում է, որ կառավարությունն է ամբողջի պատասխանատուն: Անվտանգության խորհրդի ղեկավարը վարչապետն է, ենթադրում է, որ անդամների զգալի մասը լինելու են կառավարության անդամներ, կառավարության համակարգում ընդգրկված անձինք, ուստի պետք չէ տարանջատել: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ կամ պատերազմական իրավիճակի մասին, ապա պետք է խոսել կոնկրետ օրինակի վրա: Խաղաղ պայմաններում իրականում մեծ լիազորություններ ունի Գլխավոր շտաբի պետը, որը բարձրագույն զինվորականն է երկրում:

- Անվտանգության խորհուրդը, որի մասին խոսեցիք, ներկայիս Ազգային անվտանգության խորհո՞ւրդն է, որը վերանվանվելու է 2018թ.-ից հետո, թե՞ նոր ստեղծվելիք Խորհուրդ է:

- Մի փոքր այլ է: Այսօրվա Ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, նախագահը կաշկանդված չէ այդ որոշումներով, որը կայացնում է Ազգային անվտանգության խորհուրդը, այն խորհրդատվական է: 2018թ.-ից հետո ձևավորվող Անվտանգության խորհրդում հավանաբար կլինեն հիմնականում գործադիր իշխանության ներկայացուցիչները, մյուսներն այլևս չեն լինի, և ի տարբերություն այսօրվա խորհրդի, ապագա խորհուրդը կընդունի որոշումներ, որոնք չեն լինի խորհրդատվական բնույթի, հայեցակարգային ու ուղեցույցային կլինեն երկրի պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունների համար:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *