Դինքի գործի արդար քննության համար Թուրքիան պետք է իր հիմքերից ջնջվի․ Բագրատ Էստուկյան
Թուրքիայում հրապարակվող «Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը հույս չունի, որ Հրանտ Դինքի սպանությունից 10 տարի հետո նրա դատավարությունն իր արդար ելքը կունենա: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց՝ «Հրանտ Դինքի ընկերներ»-ի նախաձեռնություններն էլ պարզապես «սրտի մխիթարանք» է:
«Հրանտի սպանության հանգամանքը բոլորիս հոգու վրա է: Այդ իսկ պատճառով զանազան նախաձեռնություններով փորձում ենք հիշել նրան, մոռացություն չտալ, մոռացություն թույլ չտալ»,- ասաց նա:
Որպեսզի Դինքի գործը արդար քննվի, Բագրատ Էստուկյանի խոսքով, պետք է Թուրքիան իր հիմքերից ջնջվի: «Որովհետև սա պետական ոճիր է: Եթե իր արած ոճրի մասին խոստովանի նույն ինքը պետությունը, դա կնշանակի, որ երկիրն իր հիմքերից պետք է ցնցվի: Դա ոչ ոք չի ցանկանա, սա է խնդիրը»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Նշենք նաև, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը հասել է 86-ի. նրանց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։
Բագրատ Էստուկյանը պնդեց, որ հիմա մեղադրվում են այն մարդիկ, որոնք իշխանությունների հետ խնդիր ունեն․Դինքի սպանությունը իշխանությունների համար դարձել է հաշվեհարդար տեսնելու գործիք, իրենց ոչ ցանկալի անձանցից ազատվելու, այլ ոչ թե արդարությունը հաստատելու համար:
«Այդ մարդիկ ոչ թե արդարություն հաստատելու համար են դատվում, այլ իշխանությունների հետ իրենց ունեցած հակասության պատճառով»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանի խոսքով՝ այսօր թուրքական մամուլում էլ Դինքի սպանության մասին հրապարակումներ համարյա թե չկան: «Հանրային կարծիքի ուշադրությունից հեռացել է սպանությունը: Միայն Հրանտի նվիրյալ մի խումբ ընկերներն են, որ հստակ հետևում են դատավարությանը»,- ասաց նա՝ հիշելով, որ ժամանակին Դինքը սպանությանն անդրադառնում էին նաև մեծ լսարան ունեցող թուրքական լրատվամիջոցները:
Հրանտ Դինքը սպանության մասին անդրադարձները և հասարակության ուշադրությունը, ըստ Բրագրատ Էստուկյանի, նվազել են Թուրքիայի օրակարգում բազմաթիվ այլ հարցեր լինելու պատճառով: «Թուրքիայի օրակարգը հիմա շատ խճողված է, իմ համոզմամբ, հիմա Դինքի սպանության դատավարությունն էլ պարզապես ձևականություն է»,- նշեց նա:
Թուրքիայում հայ համայնքը, «Ակօսի» խմբագրի խոսքերով, այդպես էլ ակնկալում էր՝ Դինքի սպանության գործի քննությունն արդար չի լինի: Նրա խոսքով՝ համայնքը բնավ զարմացած չէ, որ հիմա իրավիճակն այդպես է:
Հարցին, թե թուրքահայ համայնքում հիմա Դինքերը քչացե՞լ են, թե ընդհանրապես չկան, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, որ Դինքերը շատ են, կամ քիչ են: Նախ Հրանտ Դինք երևույթը եզակի էր, բացառիկ, բացառություն էր, հետևաբար չեն կարող սպասել, որ նույն բովանդակությամբ մարդիկ կարող են ներկայանալ, սակայն կարող եմ ասել, որ նրան հաջորդողներ կան: Առաջին հերթին կարելի է հիշել Կարո Փայլանին: Կարո Փայլանը ճիշտ Հրանտի ուղիով գնացող մտավորական է, քաղաքական գործիչ է և կարող եմ ասել, որ Հրանտից ավելի հզոր ձայն ունի: Հետևաբար Հրանտից ավելի մեծ սպառնալիք կա Կարո Փայլանի համար»: