Իշխանափոխության կոչ չէ, բայց եթե կառավարությանը չի կարողանում, թող գնա ու իր տեղը զիջի կարող ուժերին. Գևորգ Պետրոսյան
Tert.am –ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը անդրադառնում է 2018 թվականի գլխավոր քաղաքական փաստաթղթի՝ բյուջեի նախագծում սոցիալական ծախսերի կրճատմանը, ասելով, որ միայն գոտիները ձգելով, չի, այլապես այնքան կձգեն, որ մի օրը մարդը կխեղդվի:
-Կառավարության 2018-ի բյուջեում, ըստ տնտեսագետների, կրճատված են սոցիալական ծախսերը, և կառավարությունն ակնհայտորեն վարում է գոտիները ձգելու քաղաքականություն: Օրինակ՝ այս համատեքստում խոսվում է, որ Սոցապը հաշմանդամության կարգեր է իջեցնում 1-ից 2-րդ, 2-րդ-ից 3-րդ, խնայողությունների նպատակով կամաց-կամաց հանում է գումարները: Իսկ Առողջապահությունն էլ , ըստ դեռ չհաստատված, բայց հավաստի տեղեկությունների՝ նախատեսում է կրճատել ատամնաբուժության համար նախատեսված պետպատվերը 0-7 տարեկան երեխաների, ինչպես նաև 65-ից բարձր անձանց համար: Որպես նախկին Սոցապ նախարար, ի՞նչ կարող եք ասել այս առումով:
-Այն կարծիքին եմ, որ մեր պետական բյուջեն պետք է արտացոլի մեր Սահմանադրության առաջին հոդվածը, այսինքն՝ պետք է լինի մեր Սահմանադրության 1-ին հոդվածի հաշվապահությունը՝ ապահովի սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետության ապահովման գործընթացը: Հիմա, եթե անընդհատ սոցիալական ծրագրերը կրճատում ենք, իմ համար անհասկանալի է: Ես, առհասարակ, ձեռնպահ եմ մնում կտրուկ գնահատականներ տալուց, բայց եթե այսօր անընդհատ գոտիները ձգելով գնանք՝ մարդիկ մի օր կխեղդվեն: Սա ինչ է, աստիճանաբար նշանակում է դանդաղ անձնասպանությո՞ւն:
Իրականում չեմ կարծում, որ սոցիալական խնդիրները պետք է լուծել անընդհատ բյուջեն կրճատելով: Եթե մենք գնում ենք դեպի զարգացում, բյուջեն պետք է ընդլայնվի՝ անկախ իրենց ուղեղներից ու հնարավորություններից: Չի կարելի սոցիալական հարցը կրճատել ի հաշիվ սոցիալական հզորացման: Ինչ-որ մի գումար կրճատել ի հաշիվ ասենք՝ անվտանգության: Դրանք բոլորը կարևոր բաղադրիչներ են: Իհարկե, մեր երկրի անվտանգությունը շատ կարևոր է, բայց ունի 2 բաղադրիչ՝ արտաքին և ներքին: Ես չեմ ուզում նսեմացնել արտաքին անվտանգությունը, բայց ինչին է այն պետք, եթե չկա ներքինը: Եվ ես կտրականապես դեմ եմ հատկապես սոցիալական ծրագրերով կրճատումներին: Սա իմ համար բացարձակ անհասկանալի է թե՛ որպես մարդ, թե՛ որպես իրավաբան, թե՛ որպես պատգամավոր և թե՛ որպես նախկին նախարար: Առանց այն էլ ժողովուրդն ապրում է ծայրաստիճան վատ վիճակում: Փրկարար ծառայության, ոստիկանության, ազգային անվտանգության համակարգի աշխատողները, մանկավարժները, ուսուցիչները, ես այն օրն էլ ասացի կառավարությանը, ծայրահեղ վիճակում են: Հիմա էս վիճակը փոխանակ փորձեն դեպի դրական տանել, մի հատ էլ գոտիներն են ձգում: Ինչքան ձգեն, մի օր կխեղդվեն էդ գոտիները ձգելուց: Սա իշխանափոխության կոչ չէ, գնահատական է, որը բխում է իրականությունից, որ եթե անձը, վերանանք անուններից, չի կարողանում կայունություն ապահովել, ապա պետք է բարի լինի դա թողնել այն ուժերին, որոնք ողջամիտ պատրաստակամություն կվարեն, խելամիտ ծրագրեր կիրականացնեն և կապահովեն կառավարության բնականոն գործունեությունը: Իշխանափոխության կոչ չէ, բայց եթե կառավարությանը չի կարողանում, թող գնա ու իր տեղը զիջի կարող ուժերին:. Ինչ է նշանակում՝ «չենք նախատեսում, որովհետև չենք կարող», իսկ կներեք, ինչո՞ւ չեք կարող: Ես կառավարության հարցուպատասխանի ժամանակ էլ ասացի, որ ձեր 2017-22 թթ. գործունեության ծրագրում նշված է՝ ծրագրերի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, բայց դա ընդամենը բարի ցանկություն է: Եթե անընդհատ կա արտագաղթը, սոցիալական հիմքով ինքնասպանությունների թիվն ավելանում է,ոնց կարող է էդ ծրագրի կենտրոնում կանգնած լինել քաղաքացին: Կներեք, դա հեքիաթ է, իսկ ես հեքիաթներին, արդեն 39 տարի, չեմ հավատում:
Եվ արդեն իսկ կարծիքներ են հնչել,որ ճյուղային նախարարներն իրենց պահում են լրիվ որպես ֆինանսների նախարարներ, լրիվ համամիտ եմ, որ փոխանակ մատնանշեն իրենց ոլորտներում ծառայությունների որակը լավացնելու, համակարգը բարեփոխելու մասին, մենակ մտածում են՝ որտեղից, ինչ կրճատեն:
-Իսկ այս պայմաններում, մեր մոտ թոշակի, աշխատավարձի բարձրացում տևական ժամանակ է՝ չի եղել, չի էլ նախատեսվում:
-Այս կառավարության ներկայացրած հնգամյա գործունեության հավանության արժանացած 5-ամյա ծրագրում նման ոչ մի բան չկա, ինչ է նշանակում՝ ապրանքներն օր-օրի թանկանում են, թոշակները մնում են են կներեք՝ նույն ողորմելի վիճակում: Աշխատավարձերի բարձրացում տարեկան բյուջեով չի նախատեսվում: Ես չեմ ասում՝ 20 տոկոս, 30, տոկոս. 5 տոկոս բարձրացնեն, բայց քաղաքացին թող տեսնի, որ կառավարությունն իր մասին մտածում է: Թե չէ ձևականորեն հռչակել՝ այս ծրագրի կենտրոնում կանգնած է մարդը, չգիտեմ ինչ, մարդակենտրոն և այլն: Եվ առհասարակ, պետք չի նման խոստումներով շարունակել կերակրել ժողովրդին:
-Ասացիք՝ չեն կարողանում, թող գնան, գան կարող ուժերը,իսկ հնարավո՞ր է, որ հրաժարական պահանջեք:
-Գործող օրենսդրության համաձայն՝ մեր խմբակցության անդամների քանակը բավարար չէ վարչապետին անվստահություն հայտնելու համար, բայց այստեղ նորից եմ ասում՝ խնդիրն այսինչն, ու այնինչը չեն, այնինչ այնինչյանը չեն, և ինչպես նշել էր Գագիկ Ծառուկյանը՝ մենք կմիանանք այն քաղաքական ուժին, որը պատրաստակամ է կատարել 15 կետերը:
-Բայց գոնե բյուջեին դեմ կքվեարկե՞ք:
-Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք, բայց իհարկե «Ծառուկյան» խմբակցությունը, որպես խորհրդարանի երկրորդ ուժ, բնականաբար, իր դիրքորոշումը հայտնելու է և այն բխելու է մեր նախընտրական ծրագրի բովանդակությունից: