Բոլոր նրանց, ովքեր ուզում են ներկրում իրականացնել, վստահաբար ոչ ոք չի խոչընդոտելու, եթե կխոչընդոտեն, կարող եք ինձ ասել. Վարդան Արամյան
Բոլոր նրանք, ովքեր ուզում են ներկրումներ իրականացնել, կարող են, նրանց ոչ մեկ չի խոչընդոտի: Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Դիտարկմանը, թե պաշտոնին նշանակվելուց հետո խորհրդարանում նա հայտարարեց, որ խաղի նոր կանոններ է սահմանելու՝ մասնավորապես ստվերի կրճատման, մենաշնորհների նվազեցման հարցերով, Վարդան Արամյանն այսպես արձագանքեց. «Դո՛ւք պիտի ասեք՝ այդ փոփոխությունները զգո՞ւմ եք, թե չեք զգում: Ի՞նչ ասեմ, ես չեմ կարող գնահատել իմ աշխատանքը, դա ճիշտ չի լինի»:
Ճշտող հարցին՝ կա՞ ստվերի կրճատում, ապա Արամյանը պատասխանեց. «Իհարկե կա, առանց ստվերի կրճատման այս թվերի հավաքագրումը շատ դժվար կլիներ»:
Հարցին՝ ստվերը ի՞նչ չափով է կրճատվել, նա պատասխանեց. «Զգալի չափով»:
Իսկ այն հարցին, թե խոշոր բիզնե՞սն է ստվերից դուրս եկել, թե՞ փոքր բիզնեսը, Վարդան Արամյանը պատասխանեց. «Խոշորի ստվերը տեղափոխվում է մանր, առանց մանրի խոշորը չի կարող ստվեր ունենալ»:
Վարդան Արամյանը, պատասխանելով այն հարցին, թե բանանի կամ շաքարի ոլորտներում չկա՞ մենաշնորհ, հավաստիացրեց, որ Հայաստանում բանան ու շաքար ներկրող 50-ից ավելի կազմակերպություն կա, և դա քիչ չէ:
Հարցին՝ վստա՞հ է, որ բոլոր ցանկացողները կարող են ներկրումներ իրականացնել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել՝ վստահաբար ոչ մեկը չի խոչընդոտելու, եթե կխոչընդոտեն, կարող եք ինձ ասել: Խնդրում եմ ձեզ, որ ասեք»: