Պետությունը պետք է որոշի՝ որոնք են գերակա ուղղությունները և հատուկ վերաբերմունք ցուցաբերի այդ ոլորտների մասնագետների նկատմամբ. Արամ Սիմոնյան
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարծում է, որ կան ոլորտներ կամ մասնագիտություններ, որոնք պետք է առանձահատուկ ուշադրության արժանանան պետության կողմից։
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ պետությունը նախ ինքը պիտի մտածի կամ որոշի, թե իր գերակա ուղղությունները որոնք են մասնագետներ պատրաստելու հարցում. օրինակ, եթե մենք ունենք Ատոմակայան, նշանակում է՝ ֆիզիկան մեզ համար կարևոր է:
«Օրենսդրությունը պետք է կարգավորի։ Եթե ուսանողը կապված է կապի հետ, ռադիոկապ, համակարգիչներ, տեղեկատվական անվտանգության հետ, այս մարդկանց նկատմամբ, իմ խորին համոզմամբ առանձնահատուկ վերաբերմունք պիտի լինի, նրանք պետք է բարձր թոշակ ստանան, պետք է հետագայում ապահովվեն աշխատանքով, պետությունն իր վրա պիտի վերցնի, դա օրենսդրական կարգավորման խնդիր է»,-ասաց նա։
Ռեկտորը նշեց՝ ֆիզիկայի ֆակուլտետի իրենց լավագույն շրջանավարտների մեծ մասը հայտնվում է արտասահմանում։
«Ինչո՞ւ այդ կադրերը բաց թողնել, եթե մենք կարող ենք նպատակամղված նրանց ապահովել աշխատանքով: Դա մեր գործառույթը չէ, դա օրենսդրորեն պիտի արվի։ Բացի այդ, դա աշխատաշուկայի խնդիրն է, որը մերը չէ»,-ասաց նա և նշեց, որ դրանով պետք է պատգամավորները զբաղվեն, քանի որ իրենց խնդիրն է:
Անդրադառնալով մեկ այլ խնդրի՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ 1996թ.-ից բարձրաձայնում է, որ մեզ մոտ չկա զանազանում՝ բակալավրն ինչ աշխատանքի կարող է հավակնել, մագիստրոսը՝ ինչ:
«Աշխարհի շատ երկրներում, օրինակ՝ Անգլիայում Դուք պետական մարմնում չեք կարող զբաղեցնել քիչ թե շատ կարևոր պաշտոններ, եթե բակալավր եք, պիտի մագիստրատուրա ավարտեք»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել էր կրթության ոլորտի և աշխատաշուկայում առկա խնդիրներին և նշել, որ այսօր բազմաթիվ մասնագիտություններ շուկայում չունեն իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին։
Արամ Սիմոնյանը նաև հերքեց դասախոսների աշխատավարձերը կրճատելու վերաբերյալ լուրերը, ըստ որոնց՝ տասնյակ դասախոսներ մինչ օրս չեն ստացել սեպտեմբերի աշխատավարձը, այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը:
«Ոչ մի կրճատում չի եղել, կրճատել ենք միայն փոքր քանակությամբ դասախոսների, ովքեր 80-ն անց են, ում, առանց այդ էլ, եթե որևէ ֆինանսական խնդիր չլիներ, էլի պիտի կրճատեինք, որովհետև 80-ն անց դասախոսը թող զբաղվի գիտությամբ, եթե կարողանում է: Նա այլևս լսարան մտնելու համար հարմար չէ՝ որպես դասախոս, որ 17 տարեկանին դասավանդի: Սերունդների տարբերությունը շատ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե որոշ ժամանակ առաջ էլ երիտասարդ դասախոսներն էին դժգոհում, որ իրենց հետ պայմանագիր չի կնքվում, ռեկտորը նույնպես հերքեց:
«Ընդհակառակը՝ խրախուսում ենք, որ որքան հնարավոր է՝ երիտասարդներ գան: Այդ մենք պրոբլեմ ունենք, որ երիտասարդը չի գալիս: Չեն գալիս, որովհետև մասնավորում ավելի շատ փող են ստանում, քան մեզ մոտ, մասնավոր սեկտորում ավելի շատ են վաստակում: Գնում են պետական կառավարման մարմին»,-ասաց նա և նշեց, որ այսօր դեսպանատների մեծ մասում իրենց արևելագետներն ու միջազգայնագետներն են, որոնց մեծ մասը դասավանդել է ԵՊՀ-ում, բայց հիմա կես դրույքով են կամ ընդհանրապես ստիպված են եղել հրաժարվել։
Չնայած դրան, Արամ Սիմոնյանը նշեց, որ այս տարի էլ բավական երիտասարդներ ընդունել են աշխատանքի որպես դասախոս:
«Ճիշտ է՝ կես դրույքով հիմնականում, որովհետև ծանրաբեռնվածությունների խնդիր կա: Բացի այդ, ուսանողների, այսինքն՝ դիմորդների թիվը պակասել է, իսկ դասախոսի դրույքը կապված է կոնկրետ ծանրաբեռնվածության հետ: Ինչ վերաբերում է աշխատավարձին, կան մասնագիտություններ, որպեսզի այդ մարդուն չկրճատենք, աշխատավարձը գործակցով ենք տալիս կամ իջեցրել ենք մեկ դրույքը 0.75-ի, որ նրան պահենք համալսարանում, որ այդ լավ ժամանակը գա, նրանք լինեն: Բայց հաջորդ տարի էլի է պակասելու դիմորդների թիվը, արդեն մյուս տարվանից աճ է նախատեսվում: Հույս ունենք, որ այդ մարդիկ ըմբռնումով կմոտենան, կսպասեն, համալսարանում, կմնան։ Մենք նրանց չենք ազատում աշխատանքից, որ հետո նրանց դրույքն ավելացնենք: Սա գործընթաց է, որը մշտապես կա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է արտագաղթի խնդրին, ապա ռեկտորն ասաց, որ հիմնական խնդիրը ոչ թե արտագաղթն է, այլ այն, որ դպրոցը քիչ շրջանավարտ է տալիս: Նա նշեց, որ առաջիկա տարիներին շրջանավարտների թիվը խիստ նվազելու է։
«Այսինքն՝ առաջին կուրս բուհերի մեծ մասը կամ չի ունենալու կամ ունենալու է խիստ թերի, որովհետև դա այդ բարեփոխման արդյունքն է, որը մենք զգալու ենք մի քանի տարի: Մենք դա գիտեինք, մենք դրան նախապատրաստվել էինք, մեր բուհը ֆինանսական որոշակի խնայողություններ է արել, որոնք պիտի օգտագործի այդ ճգնաժամը հաղթահարելու համար: Երբ ես հնչեցրի այս պրոբլեմը, շատերին թվաց, թե մենք այնպիսի վիճակում ենք, որ ես աղաղակում եմ: Մենք այդ ժամանակվանից պատրաստվում էինք, այդ պատճառով էլ կարող եմ ասել՝ ֆինանսապես ամենալավ վիճակում ենք գտնվում»,-ասաց նա: