Շախմատ. Կիրիլ Շևչենկոն՝ Եվրոպայի պատանեկան Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլի հաղթող
Ջերմուկում ավարտվեց Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլը,- տեղեկացնում է Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երեկ «Ջերկում Աշխարհ» հյուրանոցում տեղի ունեցավ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա գտնվեցին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, Վայոց Ձորի մարզպետ, Վայոց Ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, մրցաշարի տնօրեն Գենադի Նեսիսը:
Մասնակիցներին ուղղված խոսքում Գենադի Նեսիսը նշեց, որ մրցաշարն անցկացվեց բարձր մակարդակով և մասնակիցներից յուրաքանչյուրը փորձեց ցուցադրել իր լավագույն խաղային որակները, իսկ արդյունքում հաղթեց լավագույնը:
Ելույթով հանդես եկավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ով մասնավորապես նշեց, որ ուրախալի է այն փաստը, որ Ջերմուկում հերթական անգամ խոշոր միջազգային մրցաշար անցկացվեց և ավելացրեց, որ այստեղ կան հիանալի պայմաններ շախմատային մրցաշարեր անցկացնելու համար:
Այնուհետև մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը ամփոփեց մրցաշարի արդյունքները. 11 հնարավորից վաստակելով 10 միավոր մրցաշարի հաղթող դարձավ Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն:
Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը 8.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարում մեր մյուս ներկայացուցիչ Արամ Հակոբյանը 7.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցանակաբաշխությունից հետո ելույթ ունեցավ նաև մրցաշարի հաղթող Կիրիլ Շևչենկոն, ով նախ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար և նշեց, որ իրեն շատ հաճելի էր Հայաստանում խաղալը:
Նա ժամանման օրը հաճելիորեն զարմացել է, որ Հայաստանի շախմատի ակադեմիան գտնվում է Շևչենկո փողոցի վրա և կարծես սա եղել է ի վերուստ նշան, որ այս մրցաշարը իր համար լավագույն կերպով է դասավորվելու: