Հայաստանը չի կարող քրդական հիմնախնդրում գործոն դառնալ, քանի որ առայժմ սուբյեկտային վարք չի ցուցաբերում. Սարո Սարոյան
Իրաքյան Քրդստանի շուրջ իրադարձությունները, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի խոսքով, տեղի են ունեցել աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխության` «Իսլամական պետության»՝ որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտի դիրքերի նվազման արդյունքում:
««Իսլամական պետությունը» Մերձավոր Արևելքում խնդիրներ լուծող էր, և հիմա փաստորեն նա դուրս եկավ ասպարեզից․այսօր, իմ հաշվարկներով, մնացել է մոտ 1-2 ամսվա կյանք «Իսլամական պետությանը», որովհետև Դերզորից դեպի հարավ ընդամենը մի քանի բնակավայրեր են մնացել։ Հիմա ԻՊ-ը բազավորման համար տեղ չունի, և կարելի է ասել, որ համաշխարհային քաղաքականության մեջ այդ նախագիծը արանքից դուրս է եկել: Դրա արդյունքում է, որ Քիրքուքում այս խնդիրն ի հայտ է եկել: Մինչև այդ Քիրքուք հասնելու համար իրաքյան ուժերը որևէ հնարավորություն չունեին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ այդ տեսանկյունից պետք է դիտարկել, թե Մերձավոր Արևելքում ինչ է կատարվելու:
Նա նկատեց, որ մենք ժամանակին տեսնում էինք, որ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և շրջակա այլ երկրների քաղաքականությունը պայմանավորված էր լինում «Իսլամական պետությունով»:
«Գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել, ԻՊ-ը չի լինելու, տեղը հիմա եկել է ազգերի ինքնորոշման և այդ սկզբունքի վրա հիմնված մի որևէ սուբյեկտ, որը պահանջներ է ներկայացնում և իր շահերն է առաջ տանում: Քրդական գործոնն է առաջ եկել: Հիմա ականատեսն ենք լինում, թե ինչպես են տարածաշրջանի երկրները սկսում ձևավորել նոր դաշինքներ»,- ասաց նա:
Ստեղծված իրավիճակում է, որ ըստ վերլուծաբանի, Իրանը Իրաքի կենտրոնական կառավարության հետ կատարում է այնպիսի քայլեր, որոնք մեր դիտանկյունից թվում էին քիչ հնարավոր:
«Որովհետև բոլորը հասկանում էին, որ քրդերի հետևում կանգնած էր ԱՄՆ-ը, ամեն դեպքում այդպես էր Սիրիայում, բոլորը գիտեին, թե քաղաքական և դիվանագիտական դաշտում ինչպիսի ներգրավվածություն ունի Իսրայելը, և հիմա արդեն նոր թնջուկ է ձևավորվում Քրդստանի շուրջ: Հիմա, ըստ էության, Մերձավոր Արևելքում շահերի բախման, շահերի համադրման, պետական քաղաքականություն ձևավորելու, վարելու և այլ գործընթացները ձևավորվելու են Քրդստանի շուրջ, քրդական խնդրի շուրջ»,- ասաց նա:
Քիրքուքի գրավումից հետո Սարո Սարոյանը Իրաքյան Քրդստանի ղեկավարության մոտ չկողմնորոշվածություն է նկատել: «Այդ չկողմնորոշվածության պատճառն այն էր, որ Քիրքուքի գրավելը Քրդստանի ներքին քաղաքական շրջանակների մասնատման և դավաճանության արդյունքում եղավ: Քիրքուքում քրդական Փեշմարգայի զորամիավորումները, որոնց մեծամասնությունը Բարզանիին հակառակորդ թալաբանիների կլանի ներկայացուցիչներն էին, զիջել են իրենց դիրքերը Բաղդադի առջև: Նրանք համաձայնության են եկել Բաղդադի հետ և դավաճանել Քրդստանի ղեկավարությունը: Այդ անորոշությունն ու չկողմնորոշվածությունն այսօր գործոն է դարձել Քրդստանում, որ ներսից է խնդիր եղել: Այլ բան չէր էլ կարող լինել. պետք է բախումներ լինեին Իրաքի և Քրդստանի միջև, ինչը շատ երկար կտևեր, բայց դա տեղի չի ունեցել»,- նկատեց նա:
Սարո Սարոյանի խոսքով՝ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ վերաբերմունքի կարժանանան միջազգային հանրության կողմից Իրաքյան Քրդստանում եղած պառակտումները:
«Իրանը կարողացավ օգտվել առիթից, և շատ ավելի առաջ եկավ, երբ «Իսլամական պետության» գործոնը դուրս եկավ ասպարեզից, շատ արագ կողմնորոշվեց և շատ արագ խնդիրը լուծեց»,- ասաց նա:
Վերլուծաբանը նաև նկատեց, որ Քիրքուքից բացի պետք է հաշվի առնել, որ Շանգալը ևս գրավվեց Իրաքյան կառավարական ուժերի կողմից և շատ այլ տարածքներ արդեն Իրաքի կառավարական ուժերի տիրապետության տակ են:
Դիտարկմանը, թե փաստորեն շատ գերտերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի, ցանկությունները չիրականացան՝ Իրաքի կենտրոնական իշխանությունները կարողացան զսպել նշյալ երկուսի հովանավորյալին, Սարո Սարոյանը պատասխանեց. «Մեզ է թվում, որ Քրդստանի անկախացումն է հենց ԱՄՆ-ի նպատակը, բայց արդյո՞ք այդպես է: Ես կարող եմ ասել, որ այդ թնջուկը պահելն է այդ երկրների նպատակը, որի արդյունքում ռազմական մեքենան ներգրավված է Մերձավոր Արևելքում եղած գործընթացներ մեջ, Մերձավոր Արևելքի երկրները կաշկանդված են այդ թնջուկով, ենթակա են անընդհատ լարվածության»:
Անդրադառնալով Հայաստանի՝ Իրաքյան Քրդստանի անկախացման գործընթացում ներգրավվածությանը՝ Սարո Սարոյանը նշեց, որ ինքը մշտապես այդ թեմային պատասխանելիս նշում է, որ այստեղ խնդիրը մեր սուբյեկտայնության մեջ է: «Հայաստանը սուբյեկտային վարք ցուցաբերո՞ւմ է: Հայաստանը նախորդ բոլոր տարիներին արել է այն, ինչ ասվել է Կրեմլից»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե Հայաստանը սուբյեկտ լինի՝ շատ հնարավոր է, որ կարողանա իր շահերն առաջ տանել:
Վերլուծաբանի խոսքով՝ իրական քաղաքականության մեջ մենք պետք է դիտարկենք՝ արդյո՞ք հետաքրքիր ենք երկրներին՝ իրենց շահերն առաջ տանելու համար:
«Օրինակ՝ Քրդստանում հայերենը պետական լեզու է, ինչը ես քաղաքական պատճառներ ունի: Մենք տեղյա՞կ էինք դրանից, դա մեր միջամտությամբ է եղե՞լ․ ո՛չ: Բայց փաստորեն կան շահեր արտաքին աշխարհում խաղացող գերտերությունների համար, որի ժամանակ հայկական գործոնը նույնպես դառնում է ինչ-որ քաղաքականության մաս: Եթե հարց լինի, թե արդյոք հայկական գործոնը կարող է դիտարկվել աշխարհի արտաքին քաղաքական խաղացողների կողմից, կարող եմ ասել՝ այո, կարևոր է, իսկ առայժմ նման հավանականություն չկա»,- ասաց նա՝ նկատելով, որ սիրիական հիմնախնդրում ՀՀ-ի ներգրավվածության հնարավորության մասին արդեն կխոսվում է․ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում գոնե նախագահի շուրթերից հնչել է, որ պատրաստ ենք հակամարտությունում խաղաղապահ առաքելություն իրականացնել:
«Քրդական հիմնախնդրում նման բան չեմ: Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանը փորձեր տեսնել, թե որն է իր խնդիրներն այս հակամարտության մեջ և ինչ կարող է անել, բայց, ցավոք, դա չկա»,-ասաց նա։