Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

ԵՄ-Հայաստան համաձայնագրից առաջ Լեհաստանի ԱԳ նախարարի հայտարարությունով ստուգվում է Հայաստանի շահագրգռվածությունը. Ս. Սաֆարյան

0

Լեհաստանի ԱԳ նախարարի Հայաստանում արված հայտարարությունը հետևյալն է՝ եթե չեք հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարից, ապա կարող եք գալ, մասնակցել քննարկումներին: ԵՄ-ն ուզում է իմանալ, թե ինչպիսին է ՀՀ դիրքորոշումը Եվրամիությանը անդամակցելու հեռանկարի իրացման հարցում: Կարծում եմ՝ շատ բան Հայաստանից է կախված: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

 

Ըստ նրա՝ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի Երևանում արած հայտարարությունները վերին աստիճանի կարևոր և հետաքրքիր են, մանավանդ, որ դիվանագետը ներկայացնում է ոչ միայն Լեհաստանը, այլ նաև ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն:

 

«Պարզ է դառնում, որ Բրյուսելում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելուց առաջ փորձ է արվում ստուգել՝ Հայաստանը շարունակո՞ւմ է շահագրգռված մնալ եվրոպական խոր ինտեգրացիայով: Անկախ նրանից` այդ հարցին հայկական կողմից պատասխան ունեն, թե ոչ, փորձում են պահպանել այն խթանիչը, որը Հայաստանը կարող է դիտարկել, եթե ոչ մոտ, ապա գոնե երկարաժամկետ ապագայում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Երևանում ՀՀ արտգործնախարարի հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստան է եկել ոչ միայն որպես Լեհաստանի ԱԳ նախարար, այլև որպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ: Նա խոսել է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների մասին, մասնավորապես՝ ընդգծելով Կովկասում անվտանգության խնդիրների հետաքրքրությունը դաշինքի համար: Բացի այդ, Վաշչիկովսկին կարևորել է ԵՄ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովը՝ ակնարկելով Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարների մասին. «Մենք քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արևելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները, և հուսամ՝ նաև Հայաստանի ցանկությունները: Նաև այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում ԵՄ անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը:

 

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Վիտոլդ Վաշչիկովսկին, խոսելով արևելյան գործընկերության ծրագրի վերանայման մասին, ակնհայտ ակնարկում է, որ Հայաստանը կարող է մասնակցություն ունենալ այդ քննարկումներին:

 

«Սա համարենք բաց առաջարկ՝ մասնակցելու Հայաստանի և Եվրամիության ապագայի ավելի խորը ինտեգրմանը նվիրված քննարկումներին: Արևելյան գործընկերությունը նախկինում համարվում էր ԵՄ անդամակցության հանդերձարան, բայց դա ավարտված պատմություն է, և փաստացի, Լեհաստանի արտգործնախարարը հաստատում է, որ թևակոխում է այս ծրագրի վերանայման փուլը, և Հայաստանը կարող է դառնալ դրա մասնակիցը՝ եթե չի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարից»,- նշեց նա:

 

Հարցին, թե Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է մասնակցել նման քննարկումներին և ԵՄ անդամակցության հեռանկարներ ունենալ, վերլուծաբանը պատասխանեց. «Ցավում եմ, բայց ոչ ՀՀ իշխանության լեգիտիմության, ոչ համարձակության չափը, ոչ էլ կառուցած երկրի կարողությունները դրա մասին չեն խոսում»:

 

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի մասով Լեհաստանի արտգործնախարարի հայտարարությանը, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ՆԱՏՕ-ն երբևէ անտարբեր չի եղել Կովկասի նկատմամբ, բայց վերջին շրջանում Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Դաշինքի հետաքրքրությունն ավելի է մեծացնում: Նա հիշեցրեց, որ Վարշավայի գագաթաժողովի որոշումներից հետո Վրաստանը ևս մեկ առաջ քայլ կատարեց Եվրաատլանտյան կառույցներին անդամակցության ճանապարհին և ստացավ առարկայական փաթեթ: Ճիշտ է, դա անդամակցության գործողությունների ծրագիր չէ, բայց բավական մոտ է դրան:

 

«Այս կտրվածքով, քանի որ ՆԱՏՕ-ն քաղաքական որոշում է կայացրել Վրաստանի հետ հարաբերություններն ուղղակի անպատկերացնելի խորացնելու և զարգացնելու վերաբերյալ, բնականաբար, Կովկասը 360 աստիճանով պետք է լինի ՆԱՏՕ-ի տեսադաշտում: Հայաստանը, որտեղ Ռուսաստանը բավականին ուժեղ է, որտեղ ՌԴ-ի միակ ռազմաբազան է Հարավային Կովկասում, Վրաստանի թիկունքն է և ՆԱՏՕ-ն չի կարող չնայել, թե ինչ կարող է տեղի ունենալ Վրաստանի թիկունքում»,- ընդգծեց նա:

 

Ըստ վերլուծաբանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետաքրքրության մեծացումը Հարավային Կովկասում լուրջ հեռանկարներ է ստեղծում նաև ՀՀ-ի համար՝ ոչ միայն ռազմաքաղաքական տարբեր կառույցների հետ իր հարաբերությունները խորացնելու, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու առումով, այլև ՆԱՏՕ-ի ռազմավարությունում սեփական գինը հասկանալու համար: Նրա խոսքով՝ սա Հայաստանին հնարավորություն կտա հավուր պատշաճի ձևակերպումներ ստանալ անվտանգության այն խնդիրներում, որոնք կան Հարավային Կովկասում:

 

«Մենք մշտապես դժգոհություններ ենք հայտնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովների փաստաթղթերի՝ կոնկրետ ԼՂ հակամարտության ձևակերպումների պահով: Կարծում եմ՝ կա հնարավորություն ամեն ինչ հայկական շահերին ավելի համահունչ դարձնելու՝ ինչպես ԼՂՀ խնդրում ՆԱՏՕ-ի կողմից քաղաքական դիրքորոշում ունենալու, այնպես էլ Հայաստանի անվտանգության համակարգի բարեփոխումների մասով լուրջ աջակցություն ստանալու առումով»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *