Խաղաղության հաստատման ու պահպանման համար անընդհատ զիջումներ են պետք, իսկ դրա արդյունքում հնարավոր է, որ մի օր անդունդում հայտնվենք. Լևոն Շիրինյան
Կարծում եմ`Հայաստանի նախագահը չպետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի հետ, որովհետև այդպիսով հաստատվեց, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները մոռացության են մատնվել, էջը փակվել է: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Կարծում եմ`Սերժ Սարգսյանը չպետք է հանդիպեր Իլհամ Ալիևի հետ: Կողմերը պայմանավորվել էին կատարել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց թուրքը չկատարեց, անթույլատրելի էր դրանից հետո հանդիպել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ջանքերով այդ պայմանավորվածությունները ջրվել են, իրենք բազմիցս հայտարարել են, որ չեն ընդունում դրանք, չեն կատարելու, մենք էլ գնացինք ու, ըստ էության, հաստատեցինք, որ դրանք ջրված են»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Ալիևը հայտնվել է վատ դրության մեջ, ավելին՝ բոլոր կողմերից «թքում են նրա երեսին», դրա համար էլ համաձայնել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի այդպիսով գոնե փոքր-ինչ բարձրացնի իր վարկանիշը, ցույց տա, որ միջազգային քաղաքականության մեջ է:
«Նա ուզում էր վերականգնել իր իմիջն ու լեգիտիմությունը։ Հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ` նա վերականագնեց դրանք ու հայկական կողմն, ըստ էության, նպաստեց այդ գործընթացին: Բանակցություն հանուն բանակցության` ամենավատ բանն է, նրանք ոչ մի զիջումների չեն գնում, ոչ մի համաձայնություն չեն կատարում»,- շեշտեց Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքով՝ խաղաղությունը պետության ու ազգի շահից կարևոր չէ, պետք չէ «խաղաղությամբ կերակրել ժողովրդին»: Շիրինյանը նշեց, որ խաղաղության հաստատման կամ պահպանման համար անընդհատ զիջումներ են պետք, իսկ դրա արդյունքում հնարավոր է, որ «մի օր անդունդում հայտնվենք»:
«Պետք չէ խաղաղապաշտությամբ տառապել: Պետք չէ այդքան հանդուրժողի իմիջ ձևավորել, երբ դիմացինդ օրերից մի օր ծռվելու է, նրանք այդքան ուժեղ չեն, որ դիմակայեն»,- նշեց նա:
Շիրինյանի խոսքով`հանդիպումից հետո կրակոցները սահմանին չեն դադարել, հայկական կողմը զոհ ունի. «Ուրեմն հանդիպման արդյունքը ո՞րն է։ Պետության շահը պահանջում է, որ եթե համանախագահների կողմից դրված պայմանները, այսինքն՝ Վիեննայի պայմանավորվածությունները չեն կատարվում, ապա հանդիպումը պետք է չլիներ, հայկական կողմը պետք է հրաժարվեր»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ եթե հայկական կողմը հանդիպումից հրաժարվեր, արդյոք միջազգային հանրությունը չէ՞ր մտածի, որ մենք ռազմական ճանապարհով ենք ուզում հարցը կարգավորել, եթե բանակցություններին չենք մասնակցում, Շիրինյանը չհամաձայնեց. «Մեր զինվորը, մեր հայ զինվորը պետք է չսպանվի: Նրանք դիտավորյալ զինվոր են սպանում: Մեր մեկ զինվորի կյանքը Ադրբեջանի ղեկավարության ու բանակի գլխաքանակի հետ չպետք է փոխվի: Ապրիլյան քառօրյա պատերազմը ապացուցեց, որ զիջումները հանգեցնում են պատերազմի: Ո՞րն է մեր ուզածը, որ պատերազմ լինի՞: Խաղաղության թեզն ուռճացնել պետք չէ: Խաղաղությունն այն գինը չէ, որ դրա դիմաց կարելի է ամեն ինչ զիջել»:
Շիրինյանը շեշտեց, որ Ադրբեջանից բացի իրավիճակից շահել է ևս մեկ կողմ, որը հրահրում էր Ադրբեջանին պատերազմել: Հարցին՝ նկատի ունի Ռուսաստա՞նը, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Անուն չեմ տալիս: Ով ինչ ուզում է, թող հասկանա: Ձեր կարծիքով Ալիևի ընկած, գետնին հասած իմիջի վերականգնման մեջ ո՞վ է շահագրգռված, Ամերիկա՞ն, Ֆրանսիա՞ն, որոնք ճնշում են նավթային սկանդալներով: Միջնորդ կոչվածներից մեկն է, որ ուզում է, որ իմիջը վերականգնվի»:
Հարցին՝ արդյոք հայկական կողմը չի՞ որակվի որպես ագրեսոր, եթե հրաժարվի բանակցություններից, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ վերցնել ագրեսորի պիտակն ու երկիրն ազատագրել: Իսկ ո՞վ է ասել, որ ագրեսոր լինելը վատ է: Ապրիլյան պատերազմ չեղա՞վ, էդ ժամանակ ագրեսոր չէինք, Ադրբեջանն էր ագրեսոր, բայց ի՞նչ, էս ի՞նչ մոտեցում է, ի՞նչ է՝ ուզում եք, որ կույս լինե՞նք: Թուրքիան, որ ագրեսոր է, ինչ է, քի՞չ է հարգանք վայելում: Ադրբեջանն ագրեսոր էր, բայց իրավիճակից դուրս եկավ, փրկվեց, ինչ ասես չարեց, գնաց հանդիպեց, անունը մաքրվեց: Մենք մեր շահերը պետք է պաշտպանենք»: