Կառավարությունը գնում է ծախսերի վերաիմաստավորման ճանապարհով. Վարդան Արամյանը՝ սոցիալական ոլորտի ծախսերը կրճատման մասին
2018 թվականին պետական բյուջեով կրճատվել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի ծախսերը, ինչը փորձագիտական մակարդակում դժգոհություն է առաջացրել: Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ կրճատվել են հանրային ծառայության ոլորտի ծախսերը, իսկ քաղաքացին հարկ է վճարում իրեն հանրային ծառայություն մատուցելու համար:
Tert.am-ի հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով թեմային, ասաց, թե իր գնահատմամբ՝ դժգոհության առիթ պետք է չլինի, քանի որ ոչ թե նվազեցնում են, այլ գնում են ծախսերի վերաիմաստավորման ճանապարհով: Արամյանի խոսքով՝ այժմ պետք է քայլերի տրամաբանական հաջորդականությամբ հասնել նրան, որ տնտեսական աճի համար հետագայում հիմքեր ստեղծվեն:
«Մենք պետք է այնպես անենք, որ տնտեսական աճի համար հիմքեր ստեղծենք՝ իհարկե ոչ ի հաշիվ կրթական կամ առողջապահական ծախսերի: Այնպես չէ, որ մենք ասում ենք, թե առողջապահական կամ սոցիալական ոլորտում մեր պարտավորությունները չենք կատարելու, մենք ասում ենք, որ սոցիալական պարտավորությունների աճի մասով ունենալու ենք զսպված վարքագիծ: Փոխարենը՝ ավելի մեծ շեշտադրում ենք կատարելու կապիտալ ծախսերի վրա, որպեսզի այն բերի ներդրում մասնավոր հատվածից: Եթե մեզ հաջողվում է երկարաժամկետում ունենալ պատկեր, որ մասնավորը ներդրում կատարի, ապա այդ ներդրումը կստեղծի տնտեսական աճ, իսկ տնտեսական աճից ավելի շատ եկամուտ կունենանք»,- ասաց Վարդան Արամյան:
Արամյանը վստահեցրեց, որ բյուջետային քննարկման ժամանակ կառավարության իր գործընկերներից յուրաքանչյուրը կներկայացնի, թե իր ոլորտի հիմնական ուղղությունները որոնք են:
Նա օրինակը բերեց կրթության ոլորտի ծախսերի մասով՝ նկատելով, որ 1360-ին հասնող ՊՈԱԿ-ներ կան: Ֆինանսների նախարարը շեշտեց՝ կրթության ոլորտում աշխատավարձ տալու նպատակը որակյալ կրթություն ապահովելն է. այստեղից հետևություն, որ պետք է մանրամասն նայել, թե հանրակրթական ոլորտի ֆինանսավորումն ինչ կառուցվածք ունի:
«Հանրակրթական ոլորտում զբաղվածություն ունի շուրջ 43 հազար աշխատող, որոնցից շուրջ 37 տոկոսն ուսուցիչներ չեն: Ես այս ոլորտի մասնագետ չեմ, բայց այստեղ պարզ տրամաբանությունը հուշում է, որ մենք օպտիմալացման տեղ ունենք, ու օպտիմալացմամբ չենք վնասի վերջնական նպատակին՝ որակին: Հասկանում ենք, որ այս համակարգի աշխատակիցների գործունեությունը պետք է այպիսին լինի, որ ազդի կրթության որակի վրա»,- մանրամասնեց նա: