ՌԴ-ից տրանսֆերտների նվազման պատճառով մարդկանց ընտրությունը սկսեց փոխվել. սոցիոլոգը՝ ՀՀ-ում ՌԴ կողմնակիցների նվազման և ԵՄ աջակիցների աճի մասին
Ըստ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014թ.-ից ի վեր ամեն ամիս կատարված հարցումների՝ Եվրամիության կողմնակիցների թիվն աճում է, իսկ ԵԱՏՄ-ինը՝ նվազում: 2014թ.-ին ԵԱՏՄ կողմնակիցները հարցվածների 38 տոկոսն էին, բայց 2017թ.-ին՝ 32 տոկոս: Իսկ 2017թ. ԵՄ կողմնակիցները կազմում են հարցվածների 33 տոկոսը: Այս տվյալների, դրանց պատճառների և հնարավոր զարգացումների մասին Tert.am զրուցեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Ձեր ունեցած տվյալները նո՞ւյնպես այսպիսի պատկեր են ներկայացնում:
-Այո, կան տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ զարգացումը Եվրոպայի հետ կապող մարդկանց թիվը տարեցտարի աճում է: Վերջին շրջանում նոր տվյալ չկա, բայց ըստ վերջին հարցումների՝ Հայաստանում 36-37 տոկոսը կողմ էր ԵՄ-ին: Այդ տոկոսը միշտ կա հայ հասարակության մեջ, ընդ որում, դա այն մասն է, որոնք ավելացված արժեք ստեղծող են: Այսինքն՝ բարձրագույն կրթությունով մարդիկ են, և հիմնական մասն աշխատանք ունի: Շատ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր վերջին երկու տարվա ընթացքում գոնե մեկ անգամ լինում են Եվրոպայում: Եթե նա մեկ անգամ գնում է և վերադառնում է, հասկանում է, որ Եվրոպան ավելի ճիշտ է:
-Ձեր կարծիքով՝ որո՞նք պատճառները, որ Հայաստանում Եվրամիության կողմնակիցների թիվն աճում է, իսկ Ռուսաստանինը՝ նվազում:
-2014 թ.-ից, այն պահից, երբ Ռուսաստանի դեմ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց, այդ թիվը տարեց տարի աճում է: Մինչ այդ կային մարդիկ, ովքեր ՌԴ-ում ունեն բարեկամներ և իրենց գումար էին ուղարկում: Նրանք իրենց ընտանիքի համար ցանկանում էին, որ մենք Ռուսաստանի հետ լինենք, որովհետև իրենց թվում է, թե դա ավելի լավ է: Բայց պատժամիջոցները և ռուբլու անկումը եկամուտների կրճատման բերեց, և մարդկանց ընտրությունը սկսեց փոխվել: Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Ռուսաստանը այդքան զարգացած և նորմալ երկիր չէ:
-Բացի սոցիալական և տնտեսական հարցերից, այստեղ քաղաքական կամ ռազմական խնդիր չե՞ք տեսնում: Օրինակ՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին, ապրիլյան պատերազմը, որի ընթացքում Արցախի դեմ օգտագործվեց հենց ռուսական զենքը:
- Ակնհայտորեն դա կա, բայց դա նոր գործոն է: Ընդ որում, մեր կառավարությունը շատ վատ վիճակում է և հիմա ստիպված քողարկում է այն փաստը, որ S-400 «Տրիումֆները» վաճառվեցին Էրդողանին և սահմանափակում չդրվեց, որ դրանք հայկական սահմանին չլինեն: Եթե արդեն տեղ է հասել «Տրիումֆը» և եթե դա դրած է Հայաստանի սահմանին, ապա Ռուսաստանից գնած «Իսկանդերներն» ուղղակի անպետք են դառնում: ՌԴ-ն տարածաշրջանի բալանսն այսպես պահեց: Ռուսաստանը, փաստացի, հիմա ամենաթշնամական պետությունն է մեզ համար, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան իրար միացրեց և սարքեց դաշնակից: Որպես մեզ հակակշիռ ստեղծեց ադրբեջանաթուրքական տանդեմը:
-Այսինքն՝ Ռուսաստանի քայլերի՞ց է, որ Հայաստանում տրամադրությունները փոխվում են, թե՞ ԵՄ-ն է լավ աշխատում:
-Ես դեռևս չեմ համարում, որ Եվրամիությունը լավ է աշխատում: ԵՄ աշխատանքն իհարկե զգալի է, կարևոր է և լավ է, բայց նա դեռևս դուրս չի եկել այն մակարդակի վրա, որ Եվրամիության աշխատանքն անմիջականորեն ազդի քաղաքական դիրքորոշման վրա: Չէի ասի նաև, որ Ռուսաստանի քայլերից է գալիս ամեն ինչ: Սա արտաքին չէ, սա հասարակության ներսից է գալիս: Սեփական անվտանգության զգացումը բոլորի մոտ կա այս կամ այն կերպ՝ կախված կրթվածությունից, ինֆորմացիայի յուրացման մակարդակից: Հայաստանում մարդկանց 50 տոկոսը չի կարողանում ինֆորմացիան ճիշտ յուրացնել, բայց այդ մարդկանց մոտ նույնպես սեփական ընտանիքի անվտանգության պարագան աշխատում է: Մարդիկ տեսնում են, որ հարևանի տղան գնաց դիրքեր, և նրան սպանեցին Ռուսաստանի տված զենքով, և եթե Ռուսաստանը չտար, դա չէր լինի Ադրբեջանի ձեռքում: Ռուսաստանն այնքան սուտ խոսեց, թե Ադրբեջանին միայն մենք զենք չենք տալիս, Թուրքիան և Իսրայելն էլ են տալիս, որ ուղղակի անիրական բան կատարվեց, որը ոչ ոք չէր սպասում: Իսրայելը բոլոր մակարդակներով հայտարարեց, որ նա Ադրբեջանին միայն անօդաչու թռչող սարք է տալիս: Չենք կարող համեմատել ռուսական տանկը և պլաստմասսայից պատրաստված սարքը: ՌԴ-ն տալիս է տանկ, «Սմերչ», «Տոս 1», որոնք ծանր զենքեր են:
-Այս սցենարի շարունակման դեպքում հակառուսական տրամադրություններն ավելի՞ կխորանան:
- Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները այս հակառուսական տրամադրությունները չեն հասկանում: Շատ հետաքրքիր բան կատարվեց վերջերս, օրինակ, ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալ տալ-չտալու պատմությունը մի խայտառակություն էր: Եթե առաջ ասում էին օտար լեզու, դու պետք է իմանայիր անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն: Իսկ հիմա ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ դու կարող ես ասել, որ օտար լեզվի փոխարեն ռուսերեն եմ սովորել: Այսինքն, բոլոր մնացած օտար լեզուներից կտրեցին: Սա բառից բուն իմաստով սրիկայություն է: Այժմ մի իրավիճակ է ստեղծվել, որ փաստացի, աճող սերնդին կտրում են ուրիշ օտար լեզուներից: Միևնույն ժամանակ, տեսեք, թե Ռուսաստանը ինչ ֆաշիստական քայլեր է իրականացնում իր կրթական համակարգում, օրինակ, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանը փակեց, լիցենզիայից զրկեց: Ուսանողներին, ովքեր հասարակագիտության դասերին հարցեր են տալիս, հայտարարում են ազգի դավաճան, անգլոսաքսոնական լրտես և այլն: Եվ մեր կրթական համակարգը կցել այս ֆաշիստական ռեժիմի կրթական համակարգին, ես համարում եմ ազգի դավաճանություն: Սա շատ ծանր հետևանքներ ունեցող խնդիր է:
-Այս տրամադրությունները կարո՞ղ են բերել նրան, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը թեքվի դեպի Արևմուտք:
-Շատ կարևոր է մի բան հասկանալ, արտաքին քաղաքականության վեկտորը ենթարկվում է մարտավարական խնդիրներին, դա ռազմավարական չէ: Եթե այս պահին մեզ ձեռնտու է Իրանի հետ մտերիմ լինել, իսկ վաղը ձեռք տա Իսրայելի հետ որևէ հարցեր լուծելը, պետք է այդ հնարավորությունը պահենք մեզ համար: Պետք չէր միայն Ռուսաստանին կապվել:
-Իսկ հիմա Հայաստանը ունի՞ մանևրելու հնարավորություն:
-Շատ ավելի քիչ: Հիմա ինչ-որ չափով փորձում ենք մանևրել, քանի որ Արևմուտքի կողմից էլ ցանկություն կա Հայաստանը պահել: